Րաֆֆի

Դավիթ Բեկ


Скачать книгу

էին իրանց ճանապարհը: Անցնելով մի քանի կիրճեր, մի քանի դժվարին դարուփոսներ, նրանք հասան մի տեղ, ուր լեռան քարաժայռերը գոգովորված էին, կազմելով այրի նման մի ահագին խոռոչ: Նրա մուտքի առջև պառկած, խռմփում էին մի քանի պահապաններ: Տիկինը կանգնեց փոքր-ինչ հեռու, իսկ նրա ուղեկից տղամարդը մոտենալով, զարթեցրեց պահապաններից մեկին:

      – Բաց արա դուռը, – ասաց նրան հազիվ լսելի ձայնով:

      Այդ դուռ կոչվածը մի ահագին սալ էր, որով փակած էր այրի նեղ մուտքը: Ուժեղ պահապանը, թիկն տալով, մի կողմ գլորեց ծանր սալը և մուտքը բացվեցավ: Այդ միջոցին տիկինը, ավելի զգույշ կերպով փաթաթվելով իր այրացի վերարկուի մեջ, մոտեցավ այրին և ներս մտավ: Նրա հետ եկող տղամարդը, որ կանանոցի ներքինապետն էր, պատվիրեց պահապանին հսկել մուտքի մոտ և ոչ ոքի ներս չթողնել: Պահապանը, որի ամեն ձևերից երևում էր ակնածություն և խոնարհություն դեպի այդ մարդը, խոստացավ, թե կկատարե նրա հրամանը:

      Այրի մեջ տիրում էր մթին խավար: Կարծես, նրանք իջնում էին մի ստորերկրյա տարտարոսի մեջ: Մի քանի քայլ առաջ գնալուց հետո, տղամարդը կանգնեց, և չախմախը զարկելով կայծքարին, վառեց աբեթը, որով կպցրեց ծծումբի մեջ թաթախած լուցկին, և նրանով վառեց ձեռքի փոքրիկ լապտերը, որ իր հետ ուներ բերած: Մռայլ լույսը տարածվեցավ այրի մթին կամարների մեջ: Այդ ստորերկրյա զնդանը ոչխարների աղըլ* էր, ուր պատսպարվում էին հովիվների հոտերը աշնան և ձմեռվա փոթորիկների ժամանակ, իսկ ամառը մնում էր դատարկ: Այդ ժամանակ ոչխարները այսպիսի մթին, խեղդված խորշերի կարոտություն չունեին, լեռների արձակ, բացօթյա կյանքը ավելի լավ էր նրանց համար: Անասունների այդ խավար պատսպարանը այժմ ծառայում էր որպես մարդիկների զնդան: Խանը այնտեղ էր բանտարկում իր կալանավորներին: Նա կատարելապես լաբիրինթոսի ձև ուներ. մի ահագին գետնափոր խոռոչ, ոլորմոլոր պտույտներով, տարածվել էր ժայռերի սրտի մեջ: Անասունների բորբոսած ապականությունը, ամբարվելով այնտեղ, ավելի անտանելի էր դարձնում առանց օդի և լույսի այրը, ուր տիրում էր մշտական խոնավություն, խեղդող ժահահոտության հետ:

      Տղամարդը ձեռքերի փոքրիկ լապտերով դեռ լուսավորում էր այրի մուտքը և խարխափելով առաջ էր գնում, իսկ տիկինը հետևում էր նրան: Նրանք հասան մի տեղ, ուր այրի նեղ անցքը լայնանում էր, կազմելով մի ընդարձակ քարանձավ: Այստեղ ներկայացավ նրանց առջև մի սարսափելի տեսարան: Մոտ երկու հարյուր բանտարկյալներ, առանձին ղաթարներով, պառկած էին սառն և խոնավ գետնի վրա: Յուրաքանչյուր ղաթարը բաղկացած էր քսան հոգուց: Մի երկայն շղթա, որի ծանր օղակները անց էր կացրած նրանց պարանոցով, կապում էր բոլորին միասին: Շղթայի այն օղակը, որ անց էր կացրած նրանց պարանոցով, ավելի լայն էր մյուսներից և ետևից ամրացրած էր եկրաթե կողպեքով: Այդ մի սոսկալի դրություն էր ողորմելի կալանավորների համար: Երևակայեցեք, քսան մարդիկ համարյա կարված են մինը մյուսի հետ: Բոլորի պարանոցները միևնույն շղթայով կապված լինելով, նրանք ստիպված էին միասին կանգնել, միասին նստել, միասին պառկել, մի խոսքով, ամեն շարժում պետք է միասին գործեին, այլ կերպ անհնարին էր: Որովհետև, եթե մեկը պառկեր, երբ մյուսները նստած էին, կարող էր խեղդվել. եթե մեկը կանգներ, երբ մյուսները նստած էին, նույնպես կարող էր խեղդվել:

      Մի ծանր սոսկում տիրեց տիկնոջ սրտին, երբ նա տեսավ այդ թշվառ, դատապարտված բազմությունը: Նրա աչքերի առաջ սևացավ և փոքր էր մնում, որ ուշաթափ լիներ: Նա թիկն տվեց քարանձավի պատին և մի քանի րոպե մնաց անշարժ,