Կինը, որպես մի կախարդական էակ, բառի բուն նշանակությամբ, իր զարդերի մեջն էր ամփոփել իր բոլոր զորությունը: Այդ զարդերը ոչ միայն ավելի փայլ էին տալիս նրա գեղեցկության, այլ պահպանում էին նրան չար աչքից, սիրելի էին կացուցանում նրան իր իշխանի աչքում և ազատ էին պահում մյուս կնիկների նախանձից ու նենգավոր որոգայթներից: Երեք հայ ոսկերիչներ, իրանց աշակերտների հետ, խանի բանակի մեջ, անդադար գործում էին նրա կնիկների զարդարանքի համար, որ լափում էր ամբողջ գավառների եկամուտը:
Չադրների այդ խումբը, որ հատկացրած էր կանանոցի համար, բոլորովին անմատչելի էր: Նա շուրջանակի պատած էր բարձր ալաչուղով, որ կոչվում էր սարայ-փերդայ, այսինքն սերալի վարագույր: Այնտեղ կարող էին մուտք գործել միայն ներքինիները և սևամորթ ստրուկներն ու ստրկուհիք:
Այն առավոտ կանանոցի հրապարակի վրա կատարվում էր մի արտակարգ շարժողություն: Բոլորը զբաղված էին մի մեծ պատրաստությունով: Աղախիններից մի քանիսը նստած էին մերկ գետնի վրա, բոլորել էին ահագին, երկաթյա կասկարայի շուրջը: Նրանցից մեկը ալյուր էր մաղում, մյուսը փայտյա տաշտի մեջ խմոր էր հունցում, երրորդը խմորից գնդակներ էր շինում, չորրորդը գնդակները հարթ տախտակի վրա դնելով, փայտյա կլորիկ կռնակով բաց էր անում և նրանց բոլորակ լավաշի ձև էր տալիս. հինգերորդը վեր է առնում լավաշները, տարածում էր տաքացած կասկարայի վրա և նրանցից հաց էր թխում: Աշխատությունը կատարվում էր ամենայն արագությամբ. միևնույն ժամանակ նրանց զբաղմունքը չէր արգելում խոսել, ծիծաղել և բամբասել: Երկու կնիկներ դրանցից փոքր-ինչ հեռու, պտտեցնելով շրջական երկանաքարի թեքը ալյուր էին աղում: Սպիտակ փոշին պատել էր նրանց սև մազերը և երեսը: Մի քանիսը կաթսաների մեջ տապակում էին ամբողջ գառներ կամ շամփուրների վրա միս էին խորովում: Կարծես, մի ահագին բանակի համար պատրաստվում էր նախաճաշիկ:
– Հաֆսա՜, գիտե՞ս ինչ է պատահել այս գիշեր, – ասաց մանկահասակ Այիշան մի սևաչյա կնոջ, որ նստած չադրի մեջ, հարում էր խնոցին կարագ պատրաստելու համար:
– Ի՞նչ է պատահել, – հարեցրեց Հաֆսան հետաքրքրությամբ և դադարեց խնոցին հարելուց:
– Ասում են, սատանաները այս գիշեր Սյուրիի մազերը մկրատով կտրել են:
– Ճշմարի՞տ, – հարցրեց Հաֆսան, և միևնույն ժամանակ ուրախության նման մի լույս արտափայլեց նրա սիրուն դեմքի վրա:
– Բոլո՞րը կտրել են:
– Բոլորը, թե՜ զուլֆերը, թե՜ հյուսերը, – հիմա այլանդակվել, քեչալ Ասլոյի նման է դարձել Սյուրին:
– Նրա տեղն է: – Շատ էր պարծենում իր երկայն մազերով Սյուրին: – Պետք է նրա պոչն էլ կտրեին:
– Ի՞նչ պոչ, – հարցրեց Այիշան զարմանալով:
– Դու չե՞ս իմանում, ախար այդ հայ կնիկները պոչ ունեն: Սյուրին էլ ունի: Զեյնաբն էր ասում: Նա մի անգամ տեսել էր, Սյուրիի լոգանալու ժամանակ:
Երկու մանկահասակ կնիկները սկսեցին երկար խոսել Սյուրիի պոչի վրա, սկսեցին դատել, քննել, թե ինչի՞ց էր այդ. հետո այն եզրակացության հասան, որ բոլոր հայ կնիկները ջինների տոհմից են, դրա համար Սյուրին այնքան վարպետ և խորամանկ է, որ կարողացավ կախարդել, խելքից հանել խանին, կարողացավ բոլոր կնիկներին նրա «աչքից գցել» և իրան միայն սիրել տալ:
– Հիմա ի՞նչ է անում Սյուրին, – հարցրեց Հաֆսան:
– Ի՞նչ պետք է անե, – պատասխանեց