Րաֆֆի

Դավիթ Բեկ


Скачать книгу

մի մազ չպակսի: Անկարելի էր նրանց մոտ մտնել: Պահապանները բոլորը Ահմեդի մտերիմներն էին, հազար թումանի համար նրան չեն դավաճանի: Բացի դրանից, Ահմեդը խանի մոտ մեծ նշանակություն ունի, բոլորը նրանից վախենում են:

      Որքան առաջ էր գնում անծանոթը իր պատմության մեջ, մելիքի դեմքը ավելի ու ավելի մռայլվում էր, նրա շրթունքը դողդողում էր, և աչքերում վառվում էր կատաղության կրակը: Անիրավ աղջիկը հասցրեց նրան երկրորդ հարվածը և այդ ավելի սաստիկ էր: Նա զրկեց հորը իր թանկագին հույսերից. նա ոչնչացրեց հոր բոլոր պլանները, որ այնքան մեծ աշխատությամբ հորինել էր նա…

      – Շնորհակալ եմ, Հյուսեին, – խոսեց մելիքը զսպելով իր բարկությունը, – դու դարձյալ արել ես, ինչ որ կարող էիր անել, եթե չհաջողվեցավ, դրանում դու մեղավոր չես: Ես դարձյալ կտամ քեզ այն, ինչ որ խոստացել եմ:

      Նա հանեց իր գրպանից մի քսակ և մեկնեց թյուրքին. վերջինը հրաժարվեցավ ընդունել: Մելիքը երկար թախանձում էր նրան, հայտնելով, թե շատ կվշտանա, եթե նա մերժե ոսկիները, և դարձյալ հիշեցրեց, թե ինքը Հյուսեինի հանձն առած պարտքը կատարած է համարում, իսկ անհաջողությունը պետք է վերաբերել նրանից անկախ պատճառների: Թյուրքը ընդունեց ոսկիները և գլուխ տալով, հեռացավ: Նա խանի ախոռապետն էր, որ մի ժամանակ դահճի պաշտոն էր կատարում: Իր ծառայության ընթացքում ուղիղ հազար մարդիկ մորթելուց հետո, նա մի ներքին սնահավատությամբ զղջացավ, թողեց այդ արյունոտ պաշտոնը և իր դանակը թաղեց գերեզմանատան մեջ, ինչպես լավ որսորդները թաղում են հողի մեջ իրանց հրացանը հազար երե սպանելուց հետո: Բայց Հյուսեինը, որ այժմ իրան տված էր չափազանց արբեցության, չկարողանալով պահել ուխտը, և մելիքը օգուտ քաղելով նրա դրությունից, կարողացավ կաշառել նրան, կատարել տալու մի նոր եղեռնագործություն, մանավանդ, որ նա մի քանի օր առաջ խաղի մեջ տանել էր տված բավական խոշոր գումար, և մելիքի խոստացած ոսկիներին շատ կարոտություն ուներ: Բայց բոլորը անցավ իզուր… բոլորը ոչնչացավ Սյուրիի բարեսրտության առջև… և այդ ավելի կատաղեցնում էր մելիքին, որ հարազատ աղջիկը խոչընդոտներ է սարքում նրա դեմ…

      Դավիթ ուրացողը երկչոտ էր, ինչպես լինում են ամեն նենգավոր մարդիկ, որոնց բոլոր զորությունը ամփոփված է լինում մտավոր ուժի մեջ: Նա զուրկ էր արիությունից, նա զուրկ էր քաջությունից, բայց այդ չէր արգելում նրան միշտ խրած ունենալ մի զույգ ատրճանակ գոտիի մեջ և միշտ կողքից քարշ ընկած ունենալ իր երկայն թուրը, որին երբեք չէր գործ ածում: Բայց նա սովորություն ուներ միշտ պարծենալով խոսել իր երևակայական քաջագործությունների վրա և հավատացնել, թե ոտքի կաղությունը առաջ էր եկել հրացանի գնդակից, որը դեռ դուրս բերված չր, թեև մորից կաղ ծնված «չորախ» Դավիթը բոլոր տաթևացիներին ծանոթ մի անձնավորություն էր:

      Տխուր հուսահատության մեջ հասավ նա այն վրանը, որ նշանակված էր նրա համար իջևան: Այստեղ սպասում էր նրան մի երկրորդ մարդ: Նա բարձրահասակ, ցամաք կազմվածքով և բավական շնորհալի դեմքով մի ծերունի էր, որի սպիտակ, փառահեղ մորուքը, ներկված լինելով հինայով, ստացել էր ծիրանի գույն: Նա նույնպես խրած ուներ իր քիրմանի շալի թանկագին գոտիի մեջ մի զույգ ատրճանակ և երկայն թուրը, արծաթե կոթով և արծաթե պատյանով, դրած էր ծնկների վրա: Նա ծալապատիկ նստած էր նախշուն գորգի վրա և թիկն էր տված կարմիր մախմուրով պատած փափուկ մութաքաներին, որ բերված էին խանի հանդերձատնից հարգելի հյուրերին պատվելու