Րաֆֆի

Դավիթ Բեկ


Скачать книгу

էր միայն ամուր ոսկրներից, զորեղ մկնակներից և կարճ մեզերով պատած կաշուց. կարծես, մսի մի փոքրիկ քանակությունն անգամ դրանց մարմնի մեջ կարող էր արգելել այդ թեթևաշարժ անասունների սրընթացությունը: Այնտեղ կարելի էր տեսնել փոքրիկ, կատվի չափ, խորամանկ, չարաճճի թուլաներ, որոնք սատանայի նման ամեն ծակ կարող էին մտնել, որոնք հոտոտալով, կարող էին գտնել թաքնված երեի հետքը: Այնտեղ կարելի էր տեսնել լայնականջյաի եվրոպացի շներ, որոնք թե՜ ցեղով և թե՜ սովորությամբ ասիականացել էին և ավելի գազանային բնավորություն էին ստացել: Այնտեղ կային թանձր մազերով, ահագին, գայլանման գամփռներ, որ մի հարվածքով կարող էին ջարդել ամենազորեղ եղջերվի մեջքը, և իրանց ճանկերի մեջ կարող էին խեղդել ամեհի վարազին: Ծառաները, թե՜ իրանց հոգեկան և թե՜ բարոյական հատկություններով ամենևին չէին զանազանվում շներից: Զանազանությունը միայն նրա մեջ էր, որ շները որսում էին իրանց նման անասուններ, իսկ ծառաները որսում էին իրանց նման մարդիկ: Ամենի մեջ տիրում էր միևնույն անգթությունը, միևնույն գազանային անհագությունը արյուն լափելու…

      Բոլոր ծառաները հագած ունեին սև ղադաքից արխալուղ, իսկ նրա վրա տեղային կոշտ մահուղից կարված, մուղ-մոխրագույն գեյմա. մեջքները պնդած էին կաշյա գոտիով զարդարած արծաթյա կապանքներով, որից քարշ էր ընկած լեզգու դաշույնը: Գլխներին դրած ունեին գառան մորթից կարած ահագին փափախներ, իսկ ոտներին հագած ունեին տրեխներ կաշյա զանկապաններով: Կեղտոտությունը, անմաքրությունը տիրում էր նրանց վրա: Ինչպես վայրենի խափշիկները որևիցե յուղալի բան ուտելու ժամանակ իրանց յուղոտ ձեռքերը քսում էին մերկ մարմնի վրա, որ օծեն նրան, այնպես էլ այդ կիսավայրենիները իրանց յուղոտ ձեռքերը այնքան քսել էին արխալուղների վրա, որ նրանց նյութը կոկվել, փայլում էր մուշամբայի նման:

      Խանի վրանի առջև տարածված էր ընդարձակ, կանաչազարդ հրապարակ, որի վրա ամբոխված էր, վըժվըժում էր բազմությունը: Ամենքը անհամբերությամբ սպասում էին խանի դուրս գալուն: Ոմանք գործով էին եկած, ոմանք վեճ ունեին, նրանից դատավճիռ էին սպասում, ոմանք հետաքրքիր նայողներ էին, իսկ մի մասը նրա ծառաներն էին, որ սպասում էին խանը նրանց մի ծառայություն հանձնե, որից կարողանան շահվել:

      – Ջաբբար, – ասաց ծառաներից մեկը խանի բազեակրներից մեկին, – այսօր խանը շատ ուշացավ, չէ դուրս գալիս:

      – Իրա քեֆը չէ՞, երբ կուզե, այն ժամանակ կդուրս գա, ո՞վ է նրան ստիպողը, – պատասխանեց Ջարբարը, և սկսեց փայփայել բազեի փետուրները, որ նստած էր նրա, մինչև արմունկը կաշյա ձեռնոցով պատած, բազուկի վրա:

      Ծառան նկատելով, որ իր հարցմունքը վատ տպավորություն գործեց բազեակրի վրա, խոսքը փոխեց, հարցնելով.

      – Ե՞րբ պիտի բաց անեք այդ բազեի աչքերը:

      Եվ իրավ, բազեի աչքերը կապած էին մի տեսակ կաշյա անթափանցիկ ակնոցներով, որոնց նմանը կրում են մարդիկ քամու ժամանակ, աչքերը փոշուց պահպանելու համար: Բազեն դեռ անվարժ էր, այդ դրության մեջ նրան պահում են մի քանի ամիս լույս և աշխարհ չէ տեսնում, մոռանում է իր վայրենի անցյալը, հետո աչքերը բաց են անում, փոքր առ փոքր ընտելացնում են նոր կյանքի, վարժեցնում են որսորդության:

      Խանի ամբողջ դիվանը հրապարակի վրա սպասում էր նրան: Մի տեղ գետնի խոտերի վրա նստած էր ֆարրաշբաշին (ֆարբաշների կամ ժանդարմների գլխավորը), աչքերը արյունով և անգթությամբ