Րաֆֆի

Դավիթ Բեկ


Скачать книгу

թշվառների սատանայական հնարագիտության վրա, թե ինչ խորամանկ միջոց էին ընտրել դարձնելու իրենց վրա խանի բարձր ուշադրությունը: Նրանք գանգատավորներ էին: Մի քանի ամբողջ ամիսներ դեգերվում էին խանի չադրների մերձակայքում, բայց ոչ ոք թույլ չէր տալիս նրանց մոտենալ և իրանց գանգատը հայտնել խանին: Հուսահատությունը ստիպեց դիմել այսպիսի սոսկալի ձեռնարկության: Նրանք օծեցին իրանց մարմինը և հագուստը նավթով, նրանք անցկացրին իրանց պարանոցը նույնպես նավթի մեջ թաթախված հասիրներ, և կրակ տվեցին… Այդ բոլորը խիստ ծաղրաշարժ էր թվում խանին:

      Մարմինները դեռ ծխում էին: Թանձր մուխը պատել, պաշարել էր նրանց: Երբեմն միայն բարակ լեզուների նման հայտնվում էին բոցերի գունատ շառավիղներ, դողդողում էին, պտույտվում էին և իսկույն մարում էին ծխի թանձրության մեջ: Դրանք թշվառ զոհերի վերջին բողոքը, վերջին մրմունջն էին արտահայտում…

      Հասարակության ուշադրությունը այդ միջոցին դարձրած էր դեպի մի մանկահասակ պատանի, որ չկարողանալով դիմանալ կրակի զարհուրանքին, դուրս էր պրծել իր մոր գրկից և ընկած էր խարույկից հեռու: Հանկարծ մի մարդ շուտ վրա հասավ, ջրով թրջած իր վերարկուն շտապով ծածկեց նրա վրա, և այսպիսով հանգցրեց նավթի բոցերով բռնկված նրա հագուստից կրակը: Հետ քաշելով վերարկուն, նա սկսեց խնամքով մերկացնել մանուկին, որովհետև կիսավառ հագուստը դարձյալ այրում էր նրա մարմինը: Մազերը և մինչև անգամ աչքերի թերթերունքը բոլորովին խանձված էին: Պատանին ուշաթափության մեջ էր գտնվում, բայց կյանքի նշույլները իսպառ անհետացած չէին: Երեսի կաշին այրված էր, իսկ մարմնի վրա երևում էին մի քանի մրկած տեղեր:

      – Ի՞նչ պիտի անես այդ լակոտին, Ահմեդ, – հարցնում էին նրա շրջապատողները:

      – Ես նրան կառողջացնեմ և ինձ որդի կշինեմ, – պատասխանեց ծերունի ներքինապետը ծանրությամբ:

      – Գավուրի՞ն, – գոչեցին ամեն կողմից զզվանքով:

      – Ես նրան մահմեդական կդարձնեմ:

      Թեև ծերունի Ահմեդը հավատքով ծածուկ քրիստոնյա էր, բայց այդ խոսքը ասաց նա իր շրջապատողների մոլեռանդությունը չգրգռելու համար: Լսելով թշվառ գյուղացիների արկածքը, նա շտապեց, եթե կարելի կլիներ, բոլորին օգնություն հասցնել. բայց մինչև իր գալը ամեն ինչ վերջացած էր… Նա կարողացավ ազատել այդ մանուկը միայն:

      Բայց նրանից առաջ, երբ բոցերը ճարակում էին իրանց բոլոր դժոխային արհավիրքով, երբ զոհերը մրմնջում էին, երբ թանձր ծխի միջից լսելի էր լինում «գթությու՛ն… գթությու՛ն»… հառաչանքը, – նրանց մոտից անցան հայոց ժողովրդի երկու ներկայացուցիչները` մելիք Ֆրանգյուլը և մելիք Դավիթը: Երկուսն էլ իսկույն հասկացան եղելությունը և այդ թշվառների հուսահատ անձնասպանության դրդիչ պատճառները: Մելիք Դավիթի դեմքի վրա անցավ տխրության մի ամպ, նա ամբողջ մարմնով սոսկաց, սիրտը սկսեց դողդողալ և ոտքերը սկսեցին կարկամիլ: Այդ խղճի և ցավակցության զգացմունքը չէր, որ այսպես շանթահարեց նրան. դա եղեռնագործի, դա չարագործի այն սոսկումն էր, որի գազանային խռովությունը անցնելուց հետո, հանկարծ տեսնում է իր աչքի առջև անմեղ զոհերը… և նոր է հասկանում հանցանքի մեծությունը: Իրանց անձը այրողները տաթևացիներ էին, մելիք Դավիթի կառավարությանը հանձնված հարստահարյալներ էին: «Ուրացողը» այն աստիճան կողոպտել էր նրանց, այն աստիճան ծանրաբեռնել էր զանազան տուրքերով, որ վերջին ժամանակներում անկարող էին