մի մարդ քնած: Թևանն է: Փորձել է փախչել, տեսել է հսկիչը դռան մոտ կանգնած, թաքնվել, սպասել է ու քնով անցել: Բագիրովն իր կաբինետում գնդակահարեց նրան, իսկ ընտանիքն աքսորվեց Ղազախստանի հյուսիսային կողմերը:
– Բագիրովը, որի բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց մոտ հարյուր քսան հազար մարդ՝ գերազանցապես հայեր, քրդեր, լեզգիներ ու թալիշներ, նմանապես Բերիան և դու ինչո՞ւ չէիք բռնում Խոսրով բեկ Սուլթանովին, որի հրամանով ու մասնակցությամբ սրի քաշվեց Խնածախ, Դաշուշեն, Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած հայկական Ղարաղշլաղ, Փարաջանց, Հարար, Մինքենդ, Սպիտակաշեն ու Պետրոսաշեն գյուղերի բնակչությունը, – անշտապ, կարծես ինքն իրեն հանգստացնելով ասաց Հուրունցը: – Հադրութի արևմտյան մասում գտնվող այդ Հարարը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղով Ղարաբաղը կապում էր Հայաստանին ու մինչև տասնութ թիվը հազար յոթանասունութ բնակիչ ուներ: Մուսավաթականներն ավերեցին այն, իսկ այնուհետև Միր-Ջաֆար Բագիրովի հրահանգով հայկական Հարարն իր ողջ մնացած ութսունհինգ հայ բնակչությամբ միացվեց այսօրվա Ֆիզուլիի շրջանին: Ի՞նչ իրավունքով արվեց դա: Ինչո՞ւ չբռնեցիք աչքի մեկը քոռ Սուլթանովին, երբ թուրք ասկյարներն ու հինգ հազարանոց քուրդ զինված հեծելազոր խուժանը նրա գլխավորությամբ կոտորեց Շուշիից երկու կիլոմետրի վրա գտնվող Ղայբալիշեն հայկական մեծ գյուղի ու Ստեփանակերտին կպած Փահլուլ ու Կրկժան գյուղերի ողջ բնակչությանը՝ սպանելով վեց հարյուր անպաշտպան կանանց ու երեխաների, որոնց միակ հույսն ու պաշտպանը Թևանի խումբն էր: Քո այդ հայատյաց Բագիրովը չէ՞ր, որ հետագայում ինչպես այդ, այնպես էլ մյուս հայկական գյուղերը բնակեցնել տվեց հատուկ ծրագրով Հայաստանից տեղահանված հինգ հազար քոչվոր թուրքերով: Նմանապես նույն քուրդ Սուլթանովը չէ՞ր, որ վառեց Շուշին, սրի քաշելով նրա բազմահազար բնակչությունն ու գլխատել տալով հայոց թեմի առաջնորդ տեր Վահանին, որի գլուխը վայրենի ամբոխը ցից հանած պտտեցնում էր քաղաքի փողոցներում: Թևանը շատ տեղին խոսք է ասել, – չոր ու կոպտորեն վրա բերեց Հուրունցը՝ արգահատանքով նայելով ծերունուն: – Իրոք, շատ նամարդ մարդ եք եղել: Վատ մարդ:
Ծերունին, հանկարծակիի եկած, ետ ընկրկեց, հոնքերը զարմացած բարձրացան, մաքուր ածիլած թորշոմած դեմքը լարվեց: Նա կարճ մի պահ տարակուսանքով զննեց մեզ և, արագ շրջվելով, հեռացավ իր ոչ ծերունական կայտառ քայլվածքով:
– Դե, լավ, ես գնացի, – ուշացումով ասաց Հուրունցը, մի տեսակ հոգնած հայացքով ուղեկցելով հեռացող ծերունուն: – Մի ամբողջ գյուղ՝ ծեր, մանուկ, հարազատներով միասին, վառել են: Էսէսականների, ֆաշիստների ու դրանց արածների միջև որևէ տարբերություն տեսնո՞ւմ եք: Ասենք՝ տարբերություն կա. նրանք հակառակորդի, թշնամու հետ էին դաժանորեն վարվում, սրանք՝ սեփական ժողովրդի, ու այն էլ ավելի գազանաբար: – Դառնալով ինձ, ասաց, – Իմ խելքի տղամարդն ամուսնանում է անխելքությունից, բաժանվում է համբերության պակասից, կրկին ամուսնանում է՝ կարճ հիշողության պատճառով: Դու էդպես չանես… – Նա ժպտաց բարեսրտորեն ու պատվիրեց, – մյուս անգամ որ եկա՝ ամուսնացած լինես, չնայած, իհարկե, ամուսնությունը երբեմն նաև դառնություններ է բերում, բայց երկար ամուրի մնալու մեջ նույնպես ոչ մի լավ բան չկա: Տղամարդը կյանքում երկու ճանապարհ ունի՝ մնա ամուրի ու իրեն զգա դժբախտ կամ պսակվի ու այլևս ապրել չուզենա… Սոկրատեսն