ծեծված, շարունակում է գալարվել ու փնտրել, փնտրել ու գալարվել: Ղարաբաղն է դա, որ ահա երեք հարյուր տարի ի վեր պատվիրակներ է ուղարկում այս ու այն կողմ՝ Իսրայել Օրուց մինչ այսօր, խնդրում, բողոքում ու տառապելով սպասում է օգնության, բայց քար լռության ու քար անտարբերության մեջ կանգնած՝ մենավոր այն ծառի պես չի գտնում աջակից ու հուսալի մի ձեռք ու գալարվում, տնքում է անամոք ցավից, չհասկանալով, որ, այո, օվկիանոսներն են որոշում իր բախտը: Դե, լավ, վեր կացեք գնանք, այս բոլորը, ինչ ձեզ պատմեցի, գրած ունեմ, բայց ո՞վ է տպագրողը, չեն տպում ու չեն էլ տպի, վեր կացեք, խոսելուց օգուտ չկա, խոսելով չէ՝ ազատությունը զենքով, զենքով է միայն ձեռք բերվում, զենքով ու անհամար մարդկանց սրբազան արյան գնով:
Հուրունցը վերցրեց իր հին, գույնը կորցրած ցմփոր պայուսակը և առաջինը դուրս եկավ միջանցք:
Վերելակի կողմից զրուցելով գալիս էին հաղորդավարները, որոնք եկել էին երեկոյան ծրագրի հաղորդմանը: Նրանց հետ էր և մանկական հաղորդումների բաժնի խմբագիր Թելման Կարաբաղլի-Չալյանը՝ դեղին փողկապով, գլխին մի տասնհինգ-քսան մազ, ակնակոպերի այտուցով, վազվզուն աչքերում՝ շարունակ ինչ-որ կարմրածություն, գունատ, սմքած շուրթերով, հիսունն անց մի տղամարդ, որը, եթե ոչ վերջնականապես ցնորված, ապա արդեն խանգարված մարդու տպավորություն էր թողնում: Եթե ոլորուն ու բարակ բեղեր պահեր՝ ծայրերը վեր ցցված, կարելի էր կարծել, թե ինքը՝ Սալվադոր Դալին է առջևդ կանգնած:
– Մունք եկալ ենք ախշադանքի, տուք քինամ եք դոն, – իր կարծիքով մաքուր հայերենով փիլիսոփայեց Թելմանն ու առանց բարևի անցավ մեր կողքով:
Այս Թելման Կարաբաղլի-Չալյանի մանկությունը Բարդա քաղաքում էր անցել, մայրը՝ մանկահասակ երկու երեխայով, ամուսնացել էր ադրբեջանցու հետ, նրա կրթությունն ադրբեջանական էր, համալսարանի իրավաբանականն էր ավարտել, ասում էին, որ նույնիսկ հեռավոր ինչ-որ շրջանում մի քանի ամիս դատախազ էր եղել: Այնուհետև աշխատել էր հեռուստատեսության ադրբեջանական խմբագրություններից մեկում, հայկական ծրագրի բացումից հետո նրան փոխադրել էին մեր խմբագրություն: Բայց թե ինչպե՞ս էր ավարտել համալսարանը, ինչպե՞ս էր աշխատել մինչև այդ՝ անհասկանալի էր. երկու-երեք էջանոց մանկական հաղորդման վրա երկու շաբաթ տնքում ու տառապում էր, և թե նախկին գլխավորն ինչո՞ւ էր նրան հայկական խմբագրությունում աշխատանքի ընդունել՝ նույնպես անհասկանալի էր: Ոչ այն է պետական անվտանգության կոմիտեից էին պարտադրել, ոչ այն է կենտկոմից, և ահա քանի տարի առոք-փառոք ապրում էր, ոչինչ չանելով: Նրա մասին տղաներն անեկդոտ էին սարքել, որը Հուրունցին ևս ծիծաղելի թվաց: Իբր, այս Թելմանի մայրը, Գիքորի պես ձեռքը բռնած՝ նրան տանում է հայկական «Կոմունիստ» թերթի խմբագիր Գեղամ Բարսեղովիչ Անտելեպյանի մոտ՝ աշխատանքի տեղավորելու: «Գոնե դառերը գիդի՞», – հարցնում է արևմտահայ Անտելեպյանը: «Չէ, մատտաղ, – պատասխանում է մայրը, – բա, որ իմանար՝ էլ ինչո՞ւ էի ձեզ մոտ բերում, կտանեի «Բակինսկի Ռաբոչի»:
Նոր գլխավորը նույնպես նրան ձեռք տալ չէր ուզում: Մի անգամ կոլեգիայի նիստում, երբ խոսք բացվեց այն մասին, որ նա ոչինչ չի անում, գլխավորը, չգիտես ինչու հուզվելով, դեմքն ափով շփեց՝ ասես ծանր հոգսն իրենից վանելու համար, և հայացքը փախցնելով ասաց. «Հաշվեք, որ դա փակ թեմա է և, խնդրում եմ, այդ մասին այլևս խոսք չլինի», իսկ ինձ առանձին ասաց. «Ես չեմ կարող նրան