չէ, – գեղորեն շարժելով գլուխը, ծիծաղեց Ռենան, դարձյալ հպանցիկ նայելով ինձ ու մի թեթև շիկնելով, և նրա ծիծաղն անսահման հմայիչ էր, – խմենք այն տղամարդկանց կենացը, ովքեր մտովի խմում են մեր կենացը…
Երաժիշտները նոր եղանակ նվագեցին՝ «Տխուր իմ երգով ես չեմ արթնացնի իմ գեղեցկուհուն, թող քաղցր քնի»: Դանդաղ տանգո՝ կանայք հրավիրում են տղամարդկանց: Մարգարիտան Արմենին քարշ տվեց պարահրապարակ:
Ռենան նայեց ինձ, մազերը դանդաղ ետ տարավ լայն ու գեղեցիկ ճակատից, ասաց.
– Գնանք:
Նա փաղաքուշ ձեռքը դրեց իմ ձեռքին:
Ես բռնեցի նրա մատները, և մենք, ձեռք-ձեռքի տված, ելանք տեղից:
Ես հայացքս չէի կտրում նրանից: Ռենան երբեմն ամոթխած ժպտում էր՝ փախցնելով աչքերը: Ես աջով գրկել էի նրա բարակ մեջքը, զգում էի նրա փխրուն մարմնի տաք հպումը, փարթամ մազերը քսվում էին դեմքիս, և նրանց մոտիկ բուրմունքից ու «Քլիմայի» զմայլիչ հոտից սիրտս անհանգիստ տրոփում էր: Անուշաբույր էր և սպիտակ մաշկը, ես դա նույնպես զգում էի, նրա մի ձեռքն իմ ուսին էր, իսկ մյուս ձեռքը՝ նուրբ մատներով, վարանոտ շարժվում էր ափիս մեջ՝ պատեպատ խփվող երկչոտ թռչնակի երկյուղածությամբ:
Հետո կրկին նստած էինք սեղանի մոտ, շարունակ ու անդադար թնդում էր երաժշտությունը՝ մի եղանակից անցնելով մյուսին, հետո դարձյալ ու նորից պարեցինք, Մարգարիտան ընկերուհիների համար խմիչք ու միրգ տարավ մեր սեղանից ու նորից վերադարձավ մեզ մոտ, հետո նա Ռենայի ականջին ինչ-որ բան փսփսաց, և նրանք միասին գնացին միջանցքի կողմը:
– Լսիր, Լեո, դա լրիվ գիժ է, – նրանց գնալուց հետո ծիծաղեց Արմենը: – Բնագիտության ուսուցչուհի է, ընկերուհիներով ծնունդ են նշում: Ամուսինն ուկրաինացի է, ծովում, Նավթային քարերում է աշխատում, հորատող վարպետ է, դեպուտատ, տասնհինգ օր տանն է, տասնհինգ օր՝ ծովում: Հրավիրում է տուն: Այ տղա, ի¯նչ հրաշալի բան է մեծ քաղաքում ապրելը:
Ետևում, սեղաններից մեկի մոտ, հայերեն խոսակցություն լսեցինք: Արմենն արագ շրջվեց, երկար նայում էր:
– Լսիր, հայեր են, – ասաց Արմենը, – Հայաստանից, տեղի հայերն այդպես չեն խոսում:
Արմենը ելավ, գնաց դեպի նրանց սեղանը:
Քիչ անց այնտեղ թնդաց համերաշխ ծիծաղը, ես ետ նայեցի. ոչ այն է Արմենն էր նրանց անեկդոտ պատմում, ոչ այն է՝ նրանք, մի պահ լռություն էր տիրում, հետո կրկին թնդում էր սրտաբուխ ծիծաղը:
– Հայեր են, Հայաստանից, – վերադառնալով ուրախացած ասաց Արմենը, ասես օտարության մեջ հարազատներին էր գտել, որոնց մինչ այդ շարունակ որոնել էր: – Ամբողջ Հայաստանի մասշտաբով նրանց դեմ խաղ չկա: Կենտկոմի աշխատողներ են, շրջկոմի քարտուղարներ, միամսյա դասընթացների են եկել կուսակցական կադրերի բարձրագույն դպրոց: Թափով տղերք են:
Արմենը կանչեց մատուցողուհուն, նրանց համար երկու շիշ «Ախթամար» պատվիրեց:
Դահլիճի հայելապատ դռների մեջ նրանք՝ Ռենան ու Մարգարիտան, երևացին միանգամից: Ռենան գալիս էր առջևից՝ ժպտադեմ, գեղեցիկ ու բարձր:
– Մի նայիր, Լեո, տես՝ ի¯նչ անուշիկ հայացք ու գայթակղիչ կազմվածք ունի, ինչպիսի կրքահարույց ու կանչող ոտքեր, – ասաց Արմենը, – բա բնավորությունը: Ասես քաղաքի աղջիկ չլինի՝ դյուրահավատ, ոնց որ երեխա:
– Կներեք, բայց ես կուզենայի գնալ, – հասնելով սեղանին ու կրկին նստելով իր տեղը, մեղավոր տեսքով ասաց Ռենան, նայելով մեկ ինձ, մեկ