Լևոն Ադյան

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)


Скачать книгу

հետ: Կոնյա՞կ, թե՞ օղի:

      – Ո՛չ կոնյակ, ո՛չ օղի, – Ալիևիչը ձեռքերը խաչեց կրծքին: – Շնորհակալ եմ, չեմ կարող, գործի ժամանակ՝ ոչ մի կաթիլ, սա օրենք է:

      – Ռաուֆ Ալիևիչը ռեստորանի մետրդօթելն է, – բացատրեց Արմենը, հետո ներկայացրեց մեզ:

      – Ուրախ եմ, շատ ուրախ եմ, – քաղաքավարությամբ գլուխ տվեց Ռաուֆ Ալիևիչը: – Տեսնո՞ւմ եք, ոչ մի ազատ տեղ չկա: Միշտ այսպես է, բայց ձեզ համար տեղ, իմացած եղեք, որ կճարվի: Համեցեք:

      Ռենայի հետ իջանք առաջին հարկ, այնտեղից՝ փողոց, որը շողշողում էր նեոնային լույսերից:

      Կանաչ լույսերը վառած, իրար ետևից ազատ կանգնած էին տաքսիները:

      Քիչ հեռվում, ափամերձ զբոսայգուց այն կողմ, երևում էր ծովը՝ համատարած, անծայրածիր՝ փայլկտում էր նոր ելնող լուսնի ու աստղերի ցոլքերից: Բարձրախոսները հրավիրում էին զբոսանքի, պտտվում էին կարուսելները, մանկական ճիչ ու զնգուն ծիծաղ՝ քամին տանում, հեռացնում էր, կրկին ետ բերում, և այդ ձայները լսվում էին հստակ ու շատ մոտ:

      – Հո չե՞ք մրսում, – հարցրի ես՝ փորձելով հանել պիջակս:

      Ռենան օրորեց գլուխը, երախտագիտությամբ ժպտաց ինձ:

      – Շնորհակալ եմ, ցուրտ չէ, – ասաց նա՝ հայացքը դեպի Նարգին կղզի ընթացող զբոսանավը, որից հնչող երաժշտությունը նույնպես քամու հետ մեկ հեռանում, մեկ կրկին վերադառնում էր:

      Մեքենաների մոտ խմբված վարորդները հետաքրքրասիրությամբ դիտում էին Ռենային, դա ինձ դուր չեկավ և, նրա արմունկն առնելով ափիս մեջ, ես նրան տարա դեպի հերթի առջևում կանգնած մեքենան:

      – Մենք ձեզ տաքսիով կտանենք մինչև տուն, – ասացի ես, նրան նստեցնելով մեքենայի ետնամասում, ինքս նստեցի առջևում, վարորդի մոտ:

      – Ոչ, պետք չէ, – խնդրողական ասաց Ռենան՝ ձեռքը դիպցնելով ուսիս:– Մինչև տուն պետք չէ: Եղբայրս, սովորաբար, կանգառում դիմավիրում է ինձ: Մինչև մետրո:

      Վարորդն արագ տեղավորվեց ղեկի մոտ: Ես նրան խնդրեցի քիչ սպասել. Արմենը շտապ իջնում էր աստիճաններով:

      Բաքսովետի մետրոյի մոտ Ռենային ուղեկցեցինք մինչև նախասրահ, մի անգամ ևս պայմանավորվելով, որ Արմենը վաղը կզանգի Ռենային ու ինձ, և մենք միասին կգնանք «Գյուլիստան»: Ռենան մտավ մետրո, վերջին անգամ շարժասանդուղքի մոտ շրջվելով ու ձեռքով հրաժեշտ տալով մեզ:

      Մոտեցանք փողոցին: Արմենը տաքսի կանգնեցրեց:

      – Էդ գիժը տանը սպասելու է ինձ, – ծիծաղեց նա: – Հասցեն ու հեռախոսը տվեց: Ասում է, եթե ուշացար, ինձ կկախեմ:

      – Գնա, – ծիծաղեցի ես: – Ուշացար՝ թոկից-բանից տար, կարող է չունենա:

      Արմենը նորից ծիծաղեց, մոտեցավ մեքենային:

      – Նստիր մինչև տուն տանեմ, – ետ շրջվելով, ասաց նա:

      – Երկու քայլ է, ոտքով կգնամ, – պատասխանեցի: – Վաղը սպասում եմ:

      Մեքենան պոկվեց տեղից, սակայն, մի հարյուր մետր չանցած, կանգ առավ՝ ետնամասի կարմիր լույսերը վառ և սկսեց ետ-ետ գալ:

      – Լսիր, Լեո, – դուրս գալով մեքենայից ասաց Արմենը: – Կարո՞ղ է մոտդ փող լինի՝ տասնհինգ-քսան ռուբլի:

      – Իհարկե, – ասացի ես:

      Մեքենան կրկին պոկվեց տեղից, ես երկար նայում էի, մինչև այն կորավ փողոցի շրջադարձում:

      Անցնելով լայն պողոտան, ես քայլեցի դեպի տուն: Ես դանդաղ, անշտապ քայլում էի դեպի տուն և իմ սիրտն ինչ-որ անհայտ, շատ ցանկալի ու անորոշ բանից տրոփում էր: Ի՞նչ էր դա՝ ըմբռնել, հասկանալ չէի կարողանում, զգում էի, որ այդ անհայտ ու անորոշ