Լևոն Ոսկանի Ադյան

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)


Скачать книгу

Այսինքն՝ նա առանց այն էլ սեսիոն քննությունների է գնում£

      –Նա Բաքվո՞ւմ է սովորում£

      –Իհարկե£ Դու ինչ է, չգիտեի՞ր այդ մասին£

      –Ոչ:– Ես գլուխս տարուբերում եմ բացասաբար£

      –Մենք այնտեղ երեքով կշրջենք ծովափին, նավով կզբոսնենք ծովում, կինո կգնանք£ Եթե, իհարկե, դու դեմ չես,– ասում է նա ժպտալով£ Ձեռ է առնում: Իհարկե դեմ չեմ:

      Երեկոյան, երբ Արգինան հագնում է իր երկնակապույտ զգեստը, ինձ իսկույն պարուրում է թախծոտությունը, և ես, ինքս էլ չգիտեմ ինչու, հիմարաբար ու անվստահ հարցնում եմ.

      –Ե՞ս էլ եմ գալիս հետդ£

      Արգինան անսքող աղերսանքով նայում է ինձ£ Ես, իհարկե, հասկանում եմ, այնքան էլ նրա սրտովը չէ, որ ես քարշ եմ գալիս իր ետևից, բայց և չի ուզում վիրավորել£ Ես դա ուշացումով, բայց, այնուամենայնիվ, հասկանում եմ:

      –Լավ, չեմ գալիս,– արագ ասում եմ ես£

      –Ինչո՞ւ,– հենց այնպես հարցնում է նա:

      –Մտադրությունս փոխեցի,– թոթովում եմ ես:– Ավելի լավ է Հովիկին կանչեմ ու միասին շախմատ խաղանք£

      Արգինան երախտագիտությամբ համբուրում է այտս և արագ դուրս է գալիս տնից£

      Իհարկե, Հովիկի մասին ես ստեցի, այսօր տրամադրություն չունեմ շախմատ խաղալու£ Հայրիկը նույնպես տանը չէ, կանչել են Ստեփանակերտ՝ անասնապահների մարզային հավաքի, իսկ մայրիկն այսօր ամբողջ օրը հիվանդանոցից տուն չի եկել, որովհետև հարևան գյուղից մի մարդու արջը անտառում գզգզել է, և նրան համարյա անհուսալի վիճակում առավոտյան բերել են հիվանդանոց£ Մայրիկը, հավանաբար, գիշերը հերթապահի այնտեղ£

      Ես մենակ եմ մնացել տանը, և կյանքում առաջին անգամ զգում եմ, թե ինչքան անտանելի բան է մենակությունը£ Իմ հոգում այնպիսի տրտմություն է, որ քիչ է մնում պայթի սիրտս£ Չգիտեմ, թե ինչ անեմ£ Դուրս եմ գալիս բակ£ Այստեղ նույնպես հետաքրքիր ոչինչ չկա, նույն դատարկությունն է£ Իմ քայլերն ակամաբար ինձ հանում են փողոց, տնամերձ այգիների արանքով ընկած նեղլիկ ճանապարհով, որտեղով անձրևների ժամանակ վազում են գյուղամիջից իջնող պղտոր ջրերը, գնում եմ ձորի կողմը£ Գիտեմ, որ լավ բան չէ արածս, բայց ետ կանգնել իմ մտքից՝ ես անկարող եմ, անհասկանալի ինչ-որ ուժ ասես առաջ է մղում ինձ£ Ես շարունակում եմ քայլել՝ երբեմն թաքնվելով հաստաբուն ծառերի հետևում, երբեմն կռացած, և սարսափելով բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ շատ եմ ուզում լսել, թե Արմենն ու Արգինան ինչի մասին են խոսում հիմա այնտեղ, ձորամերձ այգում, թեպետ դարձյալ զգում եմ, որ դա աններելի քայլ է իմ կողմից, անազնվություն՝ թաքուն ականջ դնել ուրիշի խոսակցությանը£

      Լուսնյակը միանգամից դուրս սահեց Թղկոտասարի ետևից՝ իր արծաթ շողերով ներկելով արար աշխարհ£ Քիչ հեռվում, ծառերի տակ կանգնած, երևում են Արմենն ու Արգինան£ Ես պարզ տեսնում եմ՝ Արմենը ինչ-որ բան է պատմում Արգինային, իսկ Արգինան, մեջքով հենված այգու ինչ-որ ծառի, լուռ լսում է նրան, և մերթ ընդ մերթ նրա վարակիչ ծիծաղը, ինչպես ժայռի կրծքից ծնված աղբյուրի կարկաչ, տարածվում է լուսնալույսով ողողված այգու վրա£ Ձգտելով ոչ մի ձայն չհանել, ես սողեսող, աննկատելիորեն մոտենում եմ նրանց և պառկելով հաստաբուն ընկուզենու տակ, մի փոսորակ տեղ, նայում եմ նրանց£ Արգինան դարձյալ կանգնած է՝ մեջքով հենված ծառաբնին, դա պարզ երևում է լուսնալույսի տակ, իսկ Արմենը քնքշանքով շոյում է նրա ձեռքը՝ արմունկից քիչ բարձր, և խոսում է կամացուկ, ինձ համար անլսելի£

      Գարնանային մարմանդ հովը թեթևակի օրորում է ծառերի ճյուղերը՝