ւմ էին նրա արդարասիրության համար: Ղայմաղամը չէր կարող միջամտել այս դատում, և Քյալաշն էլ երբեք չէր կարող գրավել գյուղացոց, որ կարողանար կրկին բարձրանալ գյուղապետության բարձին: Կաշառակերության, անիրավ պահանջներին, անտեղի տուրքերին և հարկերին վերջ էր տրվել, վաշխառուները, հարկահանները, մուբաշիրները (աշար՝ տասանորդ հավաքող) է՜լ իրենց ընկերակից չունեին Թեմրանի քեհյա Քյալաշին, և գյուղացիներն ազատվել էին քեհյայի արտերը ամենից առաջ անվարձ վարելուց, ցանելուց, քաղելուց ու կրելուց:
Հայտնի բան է, այս բոլորը մեծ ցավ էր Քյալաշի համար, բայց նրան ավելի վշտացնում էր յուր պարտությունը, նա գլխիկոր չէր կարող տանել յուր դրացիների ծաղրալի արհամարհանքները: Քյալաշը անդադար մտրակում էր յուր նժույգը նեղ կածաններից, ժայռոտ զառիվայրերից թե վեր, թե վար, դեպի նպատակատեղին, անմռունչ և մտազբաղ: Նույն օրը, երկու-երեք ժամից հետո, մի նեղ ձորից մտան Քղի ավանը և ծուռումուռ փողոցներից անցնելով բարձրացան գյուղի ամենաբարձր թաղը, ջրաղացների շարքում, նախկին թնդանոթի ձուլարանի մոտ, և մի փոքրիկ խրճիթի առաջ ձիերից իջան: Այդ միջոցին խրճիթից դուրս եկավ մի թխադեմ կին, որն աղբի քթոցը շալակը կտուրն էր բարձրանալու աթար թխելու համար:
– Ֆաթի՛, Մամո բեգը տա՞նն է, – հարցրեց Քյալաշը, որին փոխանակ պատասխան տալու, քրդուհին կեղտոտ լաչակի պոչով երեսը մասամբ ծածկեց և, խրճիթի դուռը կիսատ բանալով, կանչեց ամուսնուն.
– Կոռո Մամո՜, Կոռո Մամո՛ (ծո Մամո՛). – և առանց ուշք դարձնելու յուր անկոչ հյուրերին, առանց քաշվելու գնաց յուր գործին:
Մի քանի վայրկյանից հետո դուրս եկավ Մամոն, հյուրերի ձիերը ներս քաշեց, հրավիրեց ախոռի օդան և նրանց տակ խոտերի վրա երկու կտոր պատռած խսիր փռելով, նստեցրեց: Թե ի՞նչ խոսեցան կամ ի՞նչ պայմանավորվածություն ունեցան, հայտնի չէ, բայց նույն գիշերը մի լավ մուշտակ գնեց Քյալաշը Մամոյի համար, հանեց նրա հագի փալասներն ու չլերը, նոր լաթերով զուգեց, զարդարեց և առաջ ընկած տարավ ղայմաղամի մոտ: Ղայմաղամը Քյալաշի խնդիրը չմերժեց ու նրա ծրագրի համաձայն մի թուղթ գրեց վալիին, հայտնելով, որ անհրաժեշտ էր մի օգնական ունենալ Թեմրանի նման հարյուր քսան տնվոր հայ գյուղում, որը մի երկու տասնյակ հայ գյուղերով էր շրջապատված: Նամանավանդ որ, այդ օգնականը ծանրանալու չէր գանձարանի վրա, Մամո բեգը առաջարկում էր յուր պատրաստակամությունը անվարձ ծառայելու խալիֆին ու երկրին: Ղայմաղամի առաջարկությունը այնպիսի ձև ուներ, որ վալին չկարողացավ մերժել և մի ամիս չանցած վիլայեթի մեջլիսի (ժողով) կողմից հրամանագրեց ղայմաղամին՝ հանձնել Մամոյին Թեմրանի և շրջակա գյուղերի վերատեսչության պաշտոնը:
Ղայմաղամը վալիի հրամանը ստանալուն պես կանչել տվեց Թեմրանի և մոտակա գյուղերի քեհյաներին, նրանց առաջ կարդաց վալիի հրամանը և Մամոյին հրավիրեց օր առաջ ստանձնել յուր պաշտոնը: Թշվառ գյուղացիք անճրկեցան մնացին, երբ նկատեցին իրենց հոգևոր և մարմնավոր ներկայացուցիչների կնիքները վալիից ուղարկված հրամանի տակ:
Բ
Մի քանի օրից հետո Մամոն յուր երեք ձիավոր ծառա-ավազակ ընկերներով, զրահավորված հրացաններով եկավ, մտավ Թեմրան և, հայտնի բան է, իջավ Քյալաշի տունը: Մամոյի ձիավորների փայլուն զենքերը, երկար նիզակները, սրածայր քյուլահների վրա փաթաթած լայն չալմաները և սրարշավ ընթացքը սարսափեցրին թեմրանցիներին, որոնց ծերունիները իրենց քեհյա Մինասի հետ դեռ ետ չէին եկել ղայմաղամի մոտից: Քյալաշը սուտ էշ էր դարձել և իրեն այնպես էր ձևացնում, իբր թե այս անցքերից բոլորովին անտեղյակ էր: Փետրվարի մեջ, գյուղացիների տանը պարապ նստած ժամանակներն էր, գիշեր-ցերեկ որտեղ որ հավաքվեինք խոսքերն ու խորհուրդները Քյալաշի նենգավոր խաղերի մասին էին:
Մամոն, Քյալաշի տան մի մասում առժամանակ տեղավորվելուց հետո վերահսկողության հանձնված տասնյոթ գյուղերի քեհյաներին կանչեց և հայտնեց, որ գյուղացիները պարտավոր էին յուր երեք ձիավորներին և մի գրագրին ռոճիկ, ուտելիք ու ձիաներին էլ կեր տալ: Հրամայեց, որ ծխերի համեմատ բաժանեն և ամեն ամիս հասցնեն նույն գումարը յուր սնտուկին:
Քեհյաներին, գոյություն ունեցող կարգերի համաձայն, փոխել չէր կարող, նրանց ընտրում և հրաժարեցնում էր համայնքը, բայց ամեն գյուղում, Քյալաշի խորհրդի համաձայն, Մամոն իրեն գործակալ ընտրեց քեհյաների ախոյաններին, որոնք ջերմ սրտով մտան սրանց հովանավորության տակ:
– Քեզ էլ նեղություն եմ տալիս, – ասաց մի օր Մամոն Քյալաշին, – հյուրասենյակդ գրավեցի:
– Այդպես բան մի՜ մտածեք, եթե հավիտյան էլ մնաք, ինձ անչափ հաճույք կպատճառեք: Բայց բնակարանս ձեզ, որպես ղայմաղամի օգնականի, մի կառավարչի, հարմար չէ: Ձեզ համար պետք է արտաքուստ և ներքուստ մի շքեղ սարայ, որն ազդեցություն ունենա ձեզ ներկայացողների վրա և սարսափ սփռե յուր շուրջը:
– Այդ լավ ես ասում, ես էլ մտածում եմ ճիշտ այդպես, բայց փող չկա, առայժմ պետք է յոլա գնալ:
– Փողի դա՞րդն ես անում. ինչի՞դ է պետք փողը: Էգուց քեհյաներին կանչիր, գեղացիները պարապ են, հրամայիր ամեն մարդ յուր էշն ու ջորին սամրե, գնա անտառ ցախ կրե, կիր վառելու համար և փայտ կտրե շինության համար: Պառավները, ծերերն ու երեխաները Սևջրից շալակով ավազ կկրեն, չորս-հինգ ուռում (հույն) վարպետ բերել կտանք, որ քարհանում քար կտրեն, վառոդը խո անփող է, որքան ուզենք, չեն մերժիլ: Կմնան քարտաշի, որմնադիրի և հյուսնի գործերը, նրանց էլ ես բերել կտամ Օվայից (Էրզրումի լեռնադաշտը յուր շամբով), հացը գյաղացիք կտան, վարձն էլ աստված ողորմած է:
– Շատ խելոք մարդ ես, նմանդ չկա, ափսո՛ս որ գյուղի մի անկյունում ես մնացել: Սկսենք, այսօրվա գործը վաղվան թողնելու չէ: Բայց որտե՞ղ շինենք, որ հարմար լինի:
– Բան ասի՜ր, ահագին դաշտի մեջ տեղ չկա՞: Ո՞վ է թևդ բռնելու, շինի՜ր որտեղ որ հարմար է:
– Այս գյուղում ես դու ծնվել ու մեծացել, դու ավելի լավ տեղ կարող