Քյալաշ քեհյա… քեզ պետք էր վեզիր շինել, քեզ պետք էր փոխարքա նշանակել, ափսո՛ս, ափսո՛ս, որ ես թագավոր չեմ:
Դ
Քյալաշը, աշխարհ մոռացած, ուշքը-միտքը հավաքել էր սարայի շինության վրա, որտեղ ապագայում ինքը պիտի փառավորվեր և վրեժը լուծեր յուր համագյուղացիներից, որոնք իր ձեռքից ետ էին առել վարչական ղեկը: Նա մտածում էր այնպիսի մի հարված տալ հակառակորդներին, որ դարերով չանհետանար նրա հիշատակը: Բայց միանգամայն խորամանկությամբ աշխատում էր գործին մի այնպիսի ընթացք տալ, որ դարձյալ գյուղի վարչությունը մնար յուր ձեռքում, և թեմրանցիները սերնդաբար ծառայեին Ամիրխան քեհյայի հաջորդներին:
Քյալաշը գյուղական վարչական գործերում բոլորովին ներկա չէր լինում, ինչ որ ուզում էր անել, Մամոյին խոսում էր և մի կողմ քաշվում, ինքը՝ տիկ, Մամոն՝ բերան: Մշակների թիվը օրեցօր աճեցնում էր և պահանջները բարդում: Տասնութը գյուղացիք ոչ միայն շինության հարկավոր առարկաները ձրիաբար կրում էին, այլ շինության վրա բանող քառասուն վարպետներին գառի մսով, հավով, բադով, որսով և եղոտ բրնձի ու հաճարի փլավով կերակրում էին: Եթե մի օր փլավի հետ մածուն էին տալիս, երկրորդ օրը թթու չիր պիտի տային, երրորդին՝ տառեխ, այնպես որ վարպետները թեև վարձատրություն չէին ստանում, գոնե կուշտ փորով էին բան անում: Բայց երեք ամիս անընդհատ բոլոր պահանջները լրացնելով, գյուղացոց բնաղունի բղուղներն ու կարասները, ամբարներն ու հորերը դատարկվեցան, և շատերը իրենց օրական ուտելիքից անգամ զրկվեցան: Դրա վրա պետք է ավելացնել և այն հանգամանքը, որ շատերը իրենց գարնան ցանքը չկարողացան կատարել, շատերն էլ չկարողացան աշնան ցանքը ժամանակին ջրել, այնպես որ հանդերի ջրելը մնաց երկնքի կամքին: Երկինքն էլ խռովել էր, երաշտ էր տարին և ջերմեռանդ ժողովրդի կատարել տված թափորներն ու խնդրվածները ազդեցություն չունեցան:
– Երանի՛ թե, եղբա՜յր, ես էլ քարտաշ կամ հյուսն լինեի և իմ ձեռքով քեզ համար բերած կերակրով փորս կշտացնեի: Այս ի՛նչ սև օրը մնացինք, ահա երեք ամիս է բեգյար բան ենք անում, տներս դատարկելուց հետո, վրաներս էլ թափվեցավ, ո՜չ կռնակիս շապիկ կա, ո՜չ ոտքիս տրեխ:
– Է՛հ, դուք գիտե՜ք, թե մենք մեծ կերուխումի մե՞ջ ենք… Արի ու մի հարցրու, ամեն մի պատառը ուտելիս կարծում եք բկներիս չի՞ կանգնում, չե՞նք տեսնում, որ դուք ձեր մատղաշների, ձեր կաթնակերների բերանից կտրում ու մեզ եք բերում… Ամեն պատառի հետ աղու-թույն ենք կուլ տալիս, բայց ճարներս ի՞նչ, առավոտից մինչև իրիկուն մտրակը ձեռքերը, հրամայում են. բանեցե՜ք, շինեցե՜ք, շարեցե՜ք… Դե՜հ, հոգնածությունից հետո մի ուտիլ, մի բանիլ… Մեկ մտածեցե՜ք, թե մեր տներն ի՞նչ օրումն են, այս տարի ցանքեր արե՞լ են, հաց ունե՞ն, հարկն ու խարջը տվե՞լ են… Մեզ բերելիս փող խոստացան, օրական խոստացան. մի փոր հացից ջոկ, ո՞վ է սև փողի երես տեսել: Մի՜ խոսացնեք, եղբա՜յր, ցավերս, կսկիծներս մի՜ նորոգեք: Ես ի՞նչ ասեմ մեր տղոցը, որ վարպետ Խնկոյի խոսքին համոզվեցին, Ղարսի ճամփից ետ դարձան, Քղի եկան:
Ե
– Մինաս քեհյա, – ասաց կատակի ձևով մի օր Մամոն Թեմրանի տանտիրոջը, որի երեսից ծաղրն ու ծիծաղը հեռացել էր ինքնակոչ բեգի գյուղ մտնելուց հետո, – այս սար ու ձոր, աշխարհը հերկեցիք, սևացրիք, ինչի՞ չմտածեցիք ինձ համար էլ մի թիզ հող հերկել: Ձեզանից հարկ չեմ ուզում, խարջ չեմ առնում, թոշակ չեմ ստանում, մանր ու խոշոր քաղցած խո չե՞ն կոտորվելու: Ինձ էլ ձեր հովիվներից, ձեր ղարաուլչիներից մեկի տեղը համարեիք ու գեղվորի մի արտ էլ