երջանիկ եմ համարում, Արմենակ, որ քեզ այժմ նպատակիդ հասած եմ տեսնում, – պատասխանեց միևնույն զգացմունքով Ստեփաննոսը: – Ես միշտ, ինչպես ավագ եղբայր, իմ սեպուհ պարտականությունս եմ համարել բարվոքել քո ապագան և մինչև այժմ անհամբերությամբ սպասում էի այն օրին, երբ իմ այդ պարտականությունս կատարված վերջացած կլիներ – և ահա այդ օրն այս օրն է: Իմ սիրտն այս րոպեին այնպես է ցնծում, ինչպես տակավին երբեք չի եղել… իմ վերջին և սրտաբուխ ցանկությունս է քեզ միշտ այդպես անկեղծ և ազնիվ տեսնել, միշտ ճշմարտասեր և անկողմնապահ քո ընտրած ասպարիզի մեջ:
Մի անգամ էլ նրանք խորին զգացմունքով սեղմեցին միմյանց ձեռքն և դուրս գնացին պատշգամբն, ուր իշխանուհի Մելիքյանը ինչ-որ բանի մասին հռետորություն էր անում յուր վաղեմի ընկերուհուն: Երկու եղբայրներ տեղավորվեցին նրանց մոտ և սկսեցին մասնակցել նրանց խոսակցությանը: Ամենից շատ խոսում էր իշխանուհին իրեն հատուկ շարժունությամբ, որ շատ սազում էր նրա գեղեցիկ, փառավոր տեսքին: Նրա ճարտար լեզուն, ըստ երևույթին, շատ էր դուր գալիս պարոն Հարունյանին, պարոնը մեծ մասամբ լուռ նստած` առանձին հետաքրքրությամբ լսում էր նրան: Նույնպես հետաքրքրությամբ լսում էին նրան և տիկին Հարունյանն ու Արմենակը: Իշխանուհին, այդ տեսնելով, ավելի ու ավելի ոգևորվում էր: Պարոն Հարունյանը դարձյալ զգում էր յուր վրա նրա առանձին հայացքները, որոնք թափանցում էին մինչև նրա սրտի ամենախորին թելերն և ստիպում նրանց թրթռալ մի առանձին՝ մինչև այդ ժամանակ տակավին լոգացված քաղցրությամբ, որի ազդեցության ներքո, հանկարծ նրա միտքն խճճվում էր, և նա դադարում էր որոշակի մտածելուց: Նա գրեթե ինքնամոռացության մեջ էր ընկնում, ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր զգում, միայն իշխանուհու ձայնը, որպես մի դյութիչ մեղեդի, հնչում էր նրա ականջներում և առավել ևս թմրեցնում նրա ուղեղը… Հանկարծ լռում էր այդ ձայնը, և նա լսում էր մի ուրիշ ձայն, նա ճանաչում էր այդ ձայնը – կնոջ ձայնը, որը մի ակնթարթում կայծակի նման շանթում էր նրա ուղեղն ու սիրտն, և հանկարծ նա սթափվում էր յուր ակամա թմրությունից: Նա տեսնում էր, որ ոչ կինն էր նայում իրեն, ոչ՝ եղբայրը, միայն իշխանուհու գեղաժպիտ աչքերը գաղտագողի կերպով հետամուտ են լինում յուր դեմքին…
Զ
ԵՐԵԿՈՅԱՆ
Նույն օրը երեկոյան, երբ իշխանուհու կառքը եկավ նրան տանելու, նա խնդրեց Հարունյաններին, որ կառքով միասին գնան Մուշտաիդ զբոսանքի: Հարունյաններն ուրախությամբ համաձայնեցան, բացի Արմենակից, որ հայտնեց, թե ինքը կարող չէ ընկերակցել նրանց, որովհետև շատ կարևոր գործ ունի յուր ընկերներից մեկի հետ և անկարող է հետաձգել:
Երեկոն գարնան վերջերի ամենասքանչելի երեկոներից մեկն էր: Օրվա մեծ և անթիվ աշխատանքից խոնջած, վաստակաբեկ արևն յուր շողասպառ գլուխը թեքում էր դեպի հորիզոն: Առավոտից մինչև այժմ թեթև կերպով ամպած երկինքը հետզհետե սկսում էր պարզվել և երևան հանել յուր կապուտակությունը: Անթիվ, բեկբեկուն, փոքրիկ ու բարակ ամպի քուլեքը սփռված էին նրա վրա: Մայր մտնող արևի վերջին թույլ ճառագայթները կողքից լուսավորում էին նրանց, որոնք մի կողմից փայլում էին կարմրախառն արծաթագունով, իսկ մյուս կողմից աղտոտ ջրի գույն ունեին: Երկինքն յուր այդ գորշախայտ դիրքով նմանում էր մի խաղաղ լճի, որի մակերևույթն ամենահանդարտ կերպով ծփում է թեթև զեփյուռից, կազմելով միահար փոքրիկ փրփրալից ալիքներ, որոնք միմյանց ետևից անդադար առաջ են գլորվում դեպի եզրը և կորչում, չքանում