Նար-Դոս

Քնքուշ լարեր


Скачать книгу

շուտ սովորիր անունս: Բայց սպասիր, մենք քեզ հետ ավելի մոտ կծանոթանանք, դեռ մի իրեղեններս ներս բերենք: Առայժմ, սիրելի Նունե, ինձ մի սենյակ տուր, որտեղ ես կարողանամ կարգի դնել իմ իրեղեններս, դուրսը կառքի վրա են:

      – Ահա տեսնում ես, Արմենակ, եթե առաջուց հեռագրով հայտնած լինեիր գալուստդ, այժմ արդեն սենյակդ էլ պատրաստ կլիներ, ու ամեն բան էլ:

      – Ոչի՛նչ, մի անկյուն տվեք, այն էլ ինձ բավական կլինի: Այնքան շատ բան չունեմ, գրքերիս ճամպրուկն է ու անկողինս, ուրիշ ոչինչ:

      – Ո՛ր սենյակը կամենում ես՝ վերցրու, Արմենակ: Ստեփաննոսի ննջարանին կից սենյակն ավելի լավ է, եթե կամենում ես:

      Ա՛խ բոլորը միևնույն է ինձ համար:

      Այս ասելով, նա երեխային վայր դրեց, նախապես պինդ և մի քանի անգամ համբուրելով նրա այտերը և դուրս գնաց: Նրան հետևեց և տիկին Հարունյանը: Ծառան արդեն բարձրացրել էր նրա իրեղեններն և սպասում էր նախասենյակում: Տիկին Հարունյանը հրամայեց նրան տանել այդ իրեղենները նշանակյալ սենյակն, իսկ ինքը տարավ Արմենակին և ցույց տվավ սենյակը: Նույն րոպեին դուրսը լսելի եղավ սաստիկ զանգահարություն:

      – Ա՛խ, ինչպե՛ս մոռացել էի, որ այսօր հյուր ունենք, – կանչեց տիկին Հարունյանը՝ լսելով զանգակի ձայնը:

      – Ծառան ամեն բան կարգի կդնե, Արմենակ. իսկ դու լվացվիր և հագուստդ փոխիր, – ավելացրեց նա շտապով, – Ես գնում եմ, մի թանկագին հյուր ունեմ ընդունելու:

      Արմենակը կամենում էր հարցնել, թե ով է այդ թանկագին հյուրը, բայց նա արդեն դուրս էր վազել սենյակից:

      Ե

      ՈԻՐԱԽ ՕՐ

      Արմենակն, ինչպես արդեն ասացինք, պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր: Մեծ եղբորից նա փոքր կլիներ ոչ ավելի, քան ութ տարով և շատ նման էր նրան, բայց նա չուներ յուր մեծ եղբոր երկար մորուքն և ավելի ազատ էր խոսակցության ու շարժումների մեջ: Հակառակ յուր մեծ եղբոր՝ նա շատ դյուրագրգիռ և տաքարյուն բնավորություն ուներ, ինչպես որ լինում են ընդհանրապես բոլոր երիտասարդները, մանավանդ ուսանողները: Երկու եղբայր միմյանց չափից դուրս սիրում էին և եղբայրական այդ անկեղծ սերը կարող էր շատ շատերին բարի օրինակ դառնալ: Նշանավորն այն էր, որ այդ սերը նրանց մեջ մնացել էր դեռ վաղ մանկությունից և պահվել էր նրանց սրտում մի այնպիսի անարատությամբ, որպիսին եղբայրների մեջ առասպելական պետք է համարել… Մինչև այդ հասակը նրանց մեջ մի չնչին երկպառակության, մի չնչին տարաձայնության նշան չէր երևացել երբեք: Ծնողների մահից հետո Ստեփաննոսն յուր հոգաբարձության ներքո էր վերցրել յուր կրտսեր եղբորը: Ծնող հայրը չէր կարող այնպես հոգ տանել յուր հարազատ որդու դաստիարակության վրա, ինչպես այդ անում էր Ստեփաննոսը յուր կրտսեր եղբոր վերաբերությամբ: Երբ Արմենակն ավարտեց գիմնազիոնը, Ստեփաննոսը, տեսնելով նրա մեջ սեր և ընդունակություն դեպի ուսումը, ուղարկեց նրան համալսարան` ուսումը շարունակելու իրավաբանական բաժնում: Եվ այժմ, երբ մենք ծանոթանում ենք նրա հետ, ավարտել է ուսումը:

      Ծառայի օգնությամբ նա լվացվեցավ. հետո հագուստը փոխեց և կես ժամից հետո՝ արդեն բոլորովին պատրաստ և հայելու առաջ կանգնած` սանրվում էր, երբ ներս վազեց տիկին Հարունյանը:

      – Արմենա՛կ, – կանչեց նա, – վերջացրի՞ր, հագա՞ր… Եկ գնանք: Ես քեզ կամենում եմ ծանոթացնել մեր այսօրվա թանկագին հյուրի հետ:

      – Այդ ի՞նչ թանկագին հյուր է, Նունե:

      – Իշխանուհի Սոֆիա Մելիքյան, եթե ճանաչում ես… կամ լսել ես: Նա մինչև այժմ