թվում:
– Շատ կարելի է, իշխանուհի, – պատասխանեց Արմենակը, փոքր-ինչ շփոթվելով նրա սուր, թափանցող հայացքի տակ, – որովհետև ես ևս ձեզ տեսնելու պատիվն եմ ունեցել: Դուք ինձ տեսած կլինեք Պետերբուրգում Պետրովների հետ…
– Պետրովների՞… այսինքն դուք ուզում եք ասել Պետրովի հետ, գվարդիայի կապիտան Պետրովի հետ, – հարցրեց շտապով իշխանուհին, որի դեմքի վրայով, Պետրովներ անունը լսելուն պես` բարկության արտահայտության նման մի բան վազեց:
– Նրանք երկու եղբայր են, իշխանուհի, մեկը – գվարդիայի կապիտան, որին դուք եք շնորհ անում ասել, իսկ մյուսն – ուսանողը, որ համալսարանում իմ սրտակից և ամենալավ ընկերն էր և որ ինձ հետ միասին ավարտեց:
– Ուրեմն դուք այդ Պետրովների բարեկա՞մն եք:
– Միայն ուսանողինը. իսկ գվարդիայի կապիտանի հետ նոր եմ ծանոթացել յուր եղբոր միջնորդությամբ և նրա հետ այնքան մոտ հարաբերություն չեմ ունեցել:
– Ա՛… – երկարացրեց իշխանուհին մի տեսակ խոր նայելով նրան:
– Ո՞վ է այդ գվարդիայի կապիտան Պետրովը, – հարցրեց տիկին Հարունյանը, որը ոչինչ չէր հասկանում նրանց խոսակցությունից:
Տիկին Հարունյանն յուր այդ հարցով դարձավ իշխանուհուն, բայց վերջինս կամ չլսեց, կամ եթե լսեց էլ, չպատասխանեց, որովհետև այդ ժամանակ նա մի տեսակ փոխվեց, թեպետև աննշան կերպով, և այդ փոփոխությունը նկատելի եղավ միայն Արմենակին, որ յուր կողմից դեռ մի քանի վայրկյան խոր զննեց նրան, և երևի հասկանալով կամ վաղուց հասկանում էր այդ փոփոխության պատճառը – շտապեց նրա տեղ պատասխանելու տիկին Հարունյանի հարցին:
– Գվարդիայի կապիտան Պետրովն, ինչպես արդեն կոչումը ցույց է տալիս, մի աստիճանավոր է, որ հայտնի է Պետերբուրգի բարձր շրջաններում յուր ազատ, բաց բնավորությամբ և բազմաթիվ սիրային արկածներով, որի համար և այնտեղ նրան Դոն-ժուան են կոչում… նրա եղբայրն, ուսանողը, որ, ինչպես ասացի…
Նա չվերջացրեց յուր ասելիքն և մի վայրկյան ականջ դնելով նախասենյակում խոսակցության ձայնին, լսեց յուր եղբոր ձայնը, որ, ինչպես երևում էր, ծառայի հետ էր խոսում: Այդ ձայնը ճանաչելուն պես նա իսկույն ուրախությամբ վազեց դեպի դուռն, այնինչ դուռը բացվեցավ, և շեմքի վրա երևաց պարոն Հարունյանը:
– Եղբայր, – կանչեց Արմենակը փարելով նրա վզովն և համբուրելով նրան:
– Արմենա՛կ… – կանչեց յուր կողմից պարոն Հարունյանը գրկելով նրան: – Ծառան այժմ ինձ ասաց, որ դու եկել ես, բայց ես չէի ուզում հավատալ…
– Ինչո՞ւ:
– Որովհետև գալուդ մասին իմացում չէիր տվել, և ես կարծում էի, որ տակավին ուշ կգաս:
– Դու իրավունք ունիս. Նունեն էլ միևնույնն է կարծելիս եղել:
Պարոն Հարունյանն առաջ եկավ:
– Ա՛խ, իշխանուհի, – ասաց նա հանկարծ տեսնելով նրան ձգված բազկաթոռի մեջ՝ Նունեի մոտ, և շտապով մոտենալով նրան, սեղմեց նրա ձեռքը: – Դուք արդեն շնորհ եք բերել… Բայց ներեցեք ձեզ մի փոքր նկատողություն անելու, որ դուք ուշացաք, և ես կարծում էի, որ այսօր մենք կզրկվենք ձեր այցելության պատվից, ձեր քաղցր տեսությունից:
– Ներեցեք, որ ձեզ ակամայից սպասեցնել եմ տվել, – ասաց իշխանուհին, որին, ըստ երևույթին, պարոն Հարունյանի գալն ուրախություն էր պատճառել, նայելով նրա դեմքի արտահայտությանը, որ նրա ձայնը լսելուն պես փոխվել էր: – Այսօր հանկարծակի ինձ մի գործ պատահեց, այդ պատճառով ակամա ստիպված էի փոքր-ինչ ուշանալ,