Մուրացան

Պատմվածքներ


Скачать книгу

խոստացա այն մարդուն «չարատավորել իմ անբիծ անունը», և ես կկատարեմ իմ խոստումը: Այլապես ինձ անհնար կլինի հրապարակ ելնեք այն բազմաթիվ մարդկանց հետ, որոնք այնտեղ վկա էին իմ խոստմանը: Այստեղ կորչում է իմ առտնին երջանկությունը, իսկ այնտեղ իմ անունը, վերջինը առավել արժանի է պաշտպանության»:

      Այս հասարակ արհեստավորի մեջ այնքան բուռն էր պատվասիրության զգացմունքը, որ նա յուր անփոխարինելի երջանկությունը գիտակցաբար զոհում էր նրան, որովհետև արել էր մի խոստում և պիտի անպատճառ կատարեր նրան, այլապես նա իրեն կենդանի մեռյալ էր համարում: Խե՛ղճ մարդ, բայց դու չգիտեիր, որ նույնիսկ այդ քեզ որսացող և քեզնից խոստում առնող քարոզիչները հարյուր անգամ ավելի ստոր էին քեզնից այն զգացմանց մեջ, որոնց դու պաշտում էիր քո տգիտությամբ հանդերձ: Եվ թշվառությունն այն է, որ այդ ուռկանավորների ձեռքում դու պատվասիրության զոհերի վերջինը չէիր լինելու:

      Գրիգորը յուր տարաբախտ վճիռը տվել էր արդեն, երբ Մանիշակը ներս մտավ և ճաշի հրավիրեց նրան: Նա առանց այլևայլության հետևեց յուր դստերը, մտադրված լինելով և ոչ մի դեպքում չհաղթահարվիլ յուր կնոջից:

      Այսօր սեղանը բոլորել էին ընտանյաց բոլոր անդամները: Մարիամը գտնվում էր կատարյալ ուրախության մեջ: Նա մի համեմատություն էր անում այս և յուր անցյալ օրերի մեջ և հրճվում էր տեսնելով նրանցում շատ մոտ նմանություն: Նրա գորովը և խանդաղատանքը րոպե առ րոպե աճում էին թե յուր ամուսնու և թե՛ որդկերանց վերա: Նա այժմ զգում էր, որ մայր և ամուսին էր: Սեղանի վերա, ամբողջ ճաշի ժամանակ նա գրեթե ոչինչ չկերավ, այլ կերակուրները հրամեցնում էր կամ ամուսնուն կամ երեխաներին:

      Գրիգորը նույնպես յուր կողմից իրեն ուրախ էր ձևացնում: Նա երբեմն – երբեմն կատակներ էր անում և ծիծաղում երեխաների հետ, թեպետ բռնի, իսկ երեխաները անընդհատ շաղակրատում էին: Մի խաբուսիկ և վայրկյանական ուրախություն բոլոր գերդաստանի վերա կենդանություն էր բերել…

      Երբ ճաշը վերջացավ, երեխաները դուրս գնացին խաղալու, իսկ Մանիշակը զբաղված էր սեղանը հավաքելով: Այդ ժամանակ Գրիգորը Մարիամի հետ առանձնացավ իր սենյակը:

      Մի քանի կցկտուր խոսքերից ետ Գրիգորը դարձավ կնոջը հետևյալ խոսքերով.

      – Այսպես սիրով և խաղաղ ապրիլ լավ է, այնպես չէ, Մարիամ:

      – Եվ դեռ հարցնո՞ւմ ես, – պատասխանեց Մարիամը: – Ի՞նչ էր երեկ մեր տան դրությունը և ի՞նչ է այսօր, էլ ի՞նչ հարկ կա ասելու, որ պետք է ամեն բան զոհենք միմիայն մեր տան այս խաղաղ դրությունը պահպանել կարողանալու համար:

      – Շատ գեղեցիկ, մի երկու ժամ առաջ միևնույն բանն էիր ասում, և ես ավելացնում էի, որ մեր դրության բարվոքումը որքան ինձանից, նույնչափ էլ քեզանից է կախված: Եվ դու խոստացար ամեն բան անել, ինչ որ քեզ էր վերաբերվում:

      – Այո՛, այժմ էլ խոստանում եմ:

      – Լավ ուրեմն, լսիր, գիտես, որ մենք միմիայն մեր մարմնի համար չենք ապրում, այլ մեր ստեղծող «տիրոջ» կամքն է և մեր էլ գլխավոր ցանկությունը պետք է լինի, որ մեր հոգու փրկության համար էլ ապրինք:

      – Գիտեմ:

      – Գիտե՛ս, որ մենք այս աշխարհ եկել ենք ոչ թե մեծ վայելչություններ քաշելու, այլ որքան ժամանակ ունինք աշխատելու մեր հոգևոր փրկության և հավիտենական կյանքին արժանանալու համար:

      – Գիտեմ:

      – Գիտե՛ս որ մեր հոգու փրկությունը ձեռք բերելու և հավիտենական կյանքին արժանանալու համար, էլ մենք պետք է այս աշխարհում