դու կկորցնես բոլորը, ինչ որ քաղցր և ինչ որ սիրելի է քեզ համար: Միևնույն վշտերն ու խռովությունները կպատեն դարձյալ քեզ և քո բոլոր ընտանիքդ, և դու իրավունք չես ունենալ գանգատվիլ քո թշվառությունից, որ առաջինից ծանր կլինի…
Մարիամը ամբողջ մարմնով դողաց և մի քանի վայրկյան մնաց լուռ:
– Ի՞նչ ես վճռում այժմ, – անողոք ձայնով հարցրավ ամուսինը:
– Գրիգո՛ր, – աղաչավոր ձայնով դարձավ Մարիամը նրան, – մինչև այսօր մեր տան խռովությունները գլխավորապես նրա համար էին, որ դու հավատով բաժանվել էիր քո ընտանիքից, և ես պահանջում էի, որ դառնաս և միանաս նրա հետ: Գիտես, թե մենք միմյանց ինչպես էինք սիրում և մանավանդ թե գիտես որքան սիրում էի ես քեզ. ուստի մի վայրկյան անգամ ես չէի հոժարիլ, որ դու ինձանից բաժանված լինիս ամենաաննշան զգացմունքով անգամ, ո՞ւր մնաց թե հավատով: Այս էր պատճառը, որ ես հենց առաջին օրվանից շատ դառնությամբ նայեցի քո հավատափոխության վերա, ես քեզ սկսեցի հաճախ հանդիմանել. հետզհետե այդ հանդիմանությունները փոխվեցան կծու նախատինքների և հետո շատ անգամ կռվի… Այս բոլորը խռովեցին և տակնուվրա արին մեր տունը: Բայց ես զղջում եմ, իզուր էին իմ հանդիմանությունները, իզուր էին իմ նախատինքները: Դու սկզբից իսկ պետք է ինձ խնայեիր, որովհետև քո արածը իմ կյանքի հակառակ էր, իսկ դու սիրում էիր ինձ… Բայց երբ այդ սերը չկարողացավ դարձնել քեզ քո թյուր ճանապարհից, իմ հանդիմանությունները ու նախատինքները, հարկավ ոչինչ ավելի չէին կարող անել: Ես սխալվեցա մինչև այժմ իմ քո դեմ գործածներով, այժմ ես ներողություն եմ խնդրում: Սկսենք դարձյալ հաշտ ու խաղաղ ապրել, սկսենք միմյանց ուրախացնել… Ես մինչև այժմ ընդդեմ էի քո լուեթերական լինելուց և տեսար, թե ունեի իրավացի պատճառներ, բայց այժմ չեմ ընդդիմանում: Այժմ ազատ կարող ես քո ընտրածդ հավատդ պաշտել, ես այլևս քեզ չեմ խանգարիլ, միայն դու էլ ինձ ու իմ երեխաներին ազատ թող մեր պապերի հավատը պաշտելու, դու էլ մի խանգարիլ մեզ: Ես առավոտ երեկո կերթամ իմ եկեղեցին, կաղոթեմ աստծուն առաջվան պես, կխոստովանիմ քահանային իմ մեղքերը, ինչպես միշտ, առանց ընդհատելու կպահեմ իմ պահքը և նեղության մեջ ընկած ժամանակ կդիմեմ մեր սուրբերի բարեխոսությանը: Այս հավատով ապրել և մեռել են մեր պապերը, այս հավատով էլ կամենում եմ, որ ապրենք ու մեռնենք ես ու իմ որդիքս…
– Դու շատ խոսեցիր, Մարիամ, – պատասխանեց ոսկերիչը, – Բայց այդ խոսածներիդ հետ ինձ համաձայնվել անկարելի է: Մենք մի ընտանիք ենք, մեր թե՛ կամքը և թե՛ մահը մի հավատով պիտի լինի:
– Ուրեմն թող քո այդ նոր հավատը և նորեն դարձիր քո պապերի և մեր հավատին, այն ժամանակ մենք միահավասար կլինենք: Ավելի լավ է, որ մեկը շատերի հետ համաձայնվի:
– Անկարելի է, ես իմ հավատի ուղղությունը ճանաչելուց ետ նորեն մոլորության մեջ չեմ ընկնիլ, իմ հոգսը հենց ձեզ այդ մոլորությունից հանելն է:
– Բայց եթե ես ոչ մի կերպ չհամաձայնվիմ այս մոլորությունից դառնալու…
– Այդ հարցը մի անգամ արդեն արիր, և ես պատասխանեցի թե՝ դու կթշվառանաս և կթշվառացնես քո ընտանիքը:
– Բայց Գրիգոր, եթե դու և քո վարժապետները ուղիղ սրտով հավատում եք աստծո բարության, դուք պետք է գիտենաք, որ նա ձեզ մարդիկներիդ նման չար չէ, նա երբեք չի ցանկանա, որ դու այս կամ այն հավատը զոռով ընդունել տաս քո ընտանիքին, և եթե նա այդ չկամենա ընդունել, չարչարես ու տանջես նրան: Աստված երբեք չի կամենալ, որ մեր խաղաղ տան մեջ խռովություններ մտնեն այդ բանի համար, ուրեմն այդ քո լութերական վարժապետներդ