Մուրացան

Պատմվածքներ


Скачать книгу

վարվել ես «տիրոջ» այն պատվերի համաձայն, որ մեզ սովորեցնում է թողնել հայր, մայր, կին և որդիք և մեր խաչն առնելով գնալ յուր ետևից: Դու արել ես այն, ինչ որ ի հնումն անում էին Պետրոս և Պողոս առաքյալները և նրանց պես ենթարկվել ես հալածանքների: Գուցե դեռ «տիրոջ» կամեցողությամբ նրանց պես չարչարանքներ էլ պիտի կրես, բայց իմացած եղիր, որ նրանց չափ էլ պիտի վարձատրվիս հավիտենականության մեջ:

      Այս և սրանց նման խոսքերով պաստորը խրախուսում էր Գրիգորին և մյուս «եղբայրների» մեջ վառում էր նախանձավորություն նրան հետևելու համար:

      Այս օրվանից ոսկերիչ Գրիգորը, ըստորում բավական առաջադիմություն էր արել սուրբ գրոց ընթերցանության մեջ, կարգվեցավ քարոզչի օգնական: Սա մի պաշտոն էր, որ «եղբայրների» մոտ նրա պատիվը բավական բարձրացնում էր:

      Ոսկերիչ Եսավի նման ուրախացել էր այս ոսպաթանով և բնավ չէր մտածում յուր վաճառած անդրանկության, կամենում եմ ասել յուր կորցրած երջանկության յուր կնոջ և երեխայոց վերա…

      Բայց այժմ մենք դառնանք նրանց մոտ:

      Վարպետ Սարգսի տան մի ընդարձակ սենյակի մեջ նույն օրը անկողնում հիվանդ պառկած էին Մարիամը և նրա մոտ յուր մի տղա երեխան, որը այս անցքից մի քանի օր առաջ հիվանդացած էր պարանոցի ուռուցքով: Մանիշակը տխուր և գունաթափ դեմքով կծկվել էր մոր սնարների մոտ.

      Տանտիկինը և հարսները նույնպես բոլորած էին Մարիամի շուրջը: Խաթուն մայրիկը տեսնելով, թե այս տխուր անցքը որքան մահացու կերպով ազդել էր խեղճ կնոջ վերա, աշխատում էր որքան յուր ճարտարախոսությունը ներում էր մխիթարել նրան: Բայց վերջինս միշտ անմխիթար էր. մանավանդ երբ նրանք խոսում էին ամուսնու դարձի մասին, որի համար նա կորուսած էր բոլոր հույսը, խեղճ կինը խորը հառաչում եւ արցունքներ էր թափում, առանց խոսել կարողանալու: Երբեմն զառանցման մեջ նա մրմնջում էր. «Այս խայտառակությունը միայն ինձ գերեզման կտանե… Ես դարձյալ կարող էի իմ տառապանացը տանել, եթե միայն իմ տան գաղտնիքները այսքան աշկարա հրապարակ չհանվեին…»:

      Եվ արդարև նա ավելի մեծամեծ նեղությանց էլ կհամբերեր, եթե միայն յուր ցավերը լոկ իրան հայտնի լինեին, եթե միայն ուրիշները չիմանային, թե յուր երբեմն երջանիկ ընտանիքը թշվառացել է, թե յուր ամուսինը ամբոխի ձեռքով քաշված է դատարան և թե ինքը յուր երեխաներով փախած է սեփական տանից և ապաստանած է յուր դրացուն: Սրանք բոլորը յուր համար մի – մի մահացու հարվածներ էին: Որքան շատ նա տանջվել է, որքան շատ զրկանքներ կրել, բայց նրա ձայնը, նրա տրտունջը ոչ ոք չի լսել: Եվ այս ոչ թե պետք է վերագրել նրա երկչոտության, ո՛չ այլ առաքինի և անստգյուտ պարկեշտության: Մի կին, որ սիրում է յուր ընտանիքը և ապրում է միմիայն նրա համար, երբեք չէ կամենում այդ ընտանյաց խայտառակությունը յուրմով տեսնել: Ամեն գժտություններ, ամեն անբավականություններ նա ծածկում էր յուր համբերության վարագույրի տակ: Նա ինքը միայնակ նահատակ է հանդիսանում ամեն ընտանեկան փոթորիկների ժամանակ, խռովությանց բոլոր ալիքները փշրվում են նրա տկար գլխին, նա բոլորին տանում է արիությամբ, միմիայն նավի ղեկը ալիքներին չմատնելու համար, միմիայն իր տունը կատարյալ քայքայման չհասցնելու համար…

      Արդյոք ի՞նչ կարծիք ունեին այդօրինակ կանանց վերա մեր մայրաքաղաքի հայ տիկինները, որոնք շատ անգամ իրանց գլխարկների մի ոսկեփայլ փետուրի պատճառով տակնուվրա են անում ամբողջ