Մուրացան

Առաքյալը


Скачать книгу

եմ, ուրեմն ճանապարհորդում եք, առանց որոշ դիտավորության:

      – Չէ, որոշ դիտավորություն ունիմ:

      – Ներեցեք, որ հետաքրքրվում եմ… եթե որոշ դիտավորություն ունիք, ուրեմն պետք է որ գիտենաք թե ո՞ւր և ինչի՞ համար եք գնում:

      – Հենց բանն էլ այդ է, որ ինչի համար գնալս գիտեմ, բայց ո՞ւր գնալս չգիտեմ:

      – Այդ հետաքրքրական է, – հարեց վերակացուն ծիծաղելով և բազմոցի մյուս ծայրին նստելով:

      Այդ միջոցին տիրացու Մոսին բարձրացավ պատշգամը, բերելով յուր հետ պաշարի կապոցը և խոր գլուխ տալով վերակացուին, կանգնեց Կամսարյանի առաջ:

      – Օհո, տի՛րացու, դո՞ւ էլ այստեղ, այդ ո՞նց է պատահել, – հարցրեց վերակացուն:

      – Հա, ես էլ ըստի եմ, շնորհակալ եմ, աղան բերավ:

      – Դե որ եկել ես, ա՛յ էն սեղանը մոտ բեր, – հրամայեց վերակացուն:

      Տիրացուն ցույց տված սեղանը մոտեցնելով բազմոցին, բերած պաշարը դրեց վրան ու հեռացավ:

      Կամսարյանը բացավ կապոցը և ունեցածը շարելով սեղանի վրա, խնդրեց վերակացուին մասնակցել յուր «համեստ» ճաշին:

      – Շնորհակալ եմ, արդեն ճաշել եմ, – առարկեց վերակացուն:

      – Խնդրում եմ, որքան կարող եք, կամ գոնե մի բաժակ գինի… – այս ասելով, Կամսարյանը հանեց բաժակը և սրբելով այն, լցրեց գինով և դրեց վերակացուի առաջ:

      Վերջինս, որ կայարանում ապրելով, սովորած էր անխըտիր ամեն ուղևորի ճաշին ու ընթրիքին մասնակցելու, երկար չընդդիմացավ և, կամենալով, ինչպես ասում էր,յուր հյուրի ախորժակը բանալ, վայելեց մի կտոր բան և գինու բաժակն զգուշությամբ կիսելով, վերսկսեց ընդհատված խոսակցությունը:

      – Հա՛, այն էի ասում, ձեր պատասխանն ինձ չափազանց հետաքրքրեց… այդ ինչպե՞ս է, որ դուք որոշ դիտավորությամբ գնում եք մի տեղ, բայց չգիտեք թե ո՞ւր եքգնում:

      – Իսկապես գիտեմ թե ուր եմ գնում, որովհետև գնում եմ մի որևէ հայ գյուղ, բայց թե ո՞ր գյուղ, ահա' այդ մեկը չգիտեմ:

      – Ներեցեք, խնդրում եմ, դարձյալ չեմ հասկանում: Կամսարյանը ծիծաղեց և ապա սկսավ համառոտ կերպով բացատրել թե ի'նչ է յուր դիտավորությունը:

      Վերակացուն, որ նորեն ձեռքն էր առել բաժակը, որպեսզի գինու մնացորդը վայելե, երիտասարդի բացատրությունը լսելու` իսկույն վայր դրեց այն և բազուկներըդեպի վեր պարզելով բացականչեց.

      – Փա՛ռք քեզ, աստված, վերջապես գտնվեց մեկը, որ մեր տրտունջը լսեց… – ապա դառնալով Կամսարյանին, ավելացրեց դուք, ուրեմն միակ մեծ մարդն եք մինչևօրս իրենց ուսումն ավարտած հայ երիտասարդների մեջ: Թույլ տվեք խմել ձեր պատվական կենացը:

      Այս ասելով, նա լցրեց բաժակը և մի առանձին ոգևորությամբ պարպեց այն միանվագ:

      Կամսարյանին դյուր եկավ վերակացուի գովասանքը, բայց կամենալով սրա ո՞վ լինելն իմանալ, որպեսզի ըստ այնմ որոշե յուր ստացած գովասանքի արժեքը, նահարցրեց.

      – Դո՞ւք էլ ուրեմն պատկանում եք ուսանողների դեմ տրտնջող հայերի թվին:

      – Հապա՞:

      – Չէի կարծիլ, որ այդ տրտունջը կարտահայտվի նաև այսպիսի մի ետ ընկած կայարանում:

      Վերակացուի դեմքի վրա դառը ժպիտ խաղաց: – Ինչո՞ւ չէիք կարծիլ, մի՞թե այսպիսի տեղերում ապրող հայ մարդը սիրտ ու զգացմունք չի ունենալ:

      – Ո՛չ, այդ չէի ուզում ասել… – շփոթվեց Կամսարյանը:

      – Հասկանում եմ, ուզում էիք ասել թե, այս ետ ընկած կայարանում, այս անմաքրությանց դեզերի կողքին, ձիաների ընկերության մեջ ապրող հայ մարդը ինչո՞ւպետք