հմար:
– Ոչինչ, ծանրություն չես լինիլ, գնանք, – ասաց Կամսարյանը և իրեղենները հանձնելով բեռնակրին, առաջ անցավ:
Մարդուկը հետևեց նրան:
Կառապանը, որ մի քանի վայրկյանում արդեն «կալասկեն» լծել, բերել էր կայարան, ժողովեց իսկույն Պետրոսի իրեղենները և կառքի ետքին ու առաջին դարսելով, սկսավ ամրացնել: Ապա իմանալով, որ վարժապետն ևս ընկերանում է «աղին», նրա խեղճ կապոցն էլ տեղավորեց մի խորշում: Հետո բարձրացավ յուր նստատեղը,ասաց.
– Ես իմ աստոծը, աղա, լավ ընկեր ես վե կալել, արժանավոր մարդ ա, ըտենց ընկերի հետ գնացած ճանփան էլ բարի կըլնի:
– Հապա ես վատ մարդ կընկերացնե՞մ ինձ, – պատասխանեց Կամսարյանը և կառք բարձրացավ:
– Տեսնո՞ւմ ես, վարժապետ, լավութինը կորչում չի, – նորեն խոսեց Օվանեսը, – դու որ ինձ հմար բարեխոս չէիր ըլել աստոծ էլ քե էս բանին ռաստ չէր բերիլ,փուրգոնի ճռճռոցից ազատվեցար, ութ աբասին էլ մնաց ջեբումդ:
– Լավ, մի՛ երկարացնիր, քշիր տեսնենք, – նկատեց Կամսարյանը, զգալով, որ կառապանի խոսքերը անհաճո պիտի լինեն վարժապետին:
– Քշիլ տեմ, աղա՛, բա քշիլ չըպտե՞մ, քե ընենց լեղով (շուտով) տանեմ, որ նաչալնիկի պես ասես` «մալադեց Օվանես»:
Այս ասելով կառապանը շարժեց սանձերը, խրախուսեց ճիտներին և կառքը սլացավ խճուղու ուղղությամբ:
Լույսը բացված չլինելով, գիշերային զովը զգալի էր դեռ: Պետրոսը փաթաթվելով վերարկուի մեջ, կծկվեցավ կառքի անկյունում և սկսավ խոսակցել վարժապետի հետ:
– Ձեր անունն ի՞նչ է, – հարցրեց նա:
– Քե ծառա` Մոսի, – պատասխանեց վարժապետը:
– Չասացիք ո՞ր գյուղի վարժապետն եք:
– Չբուխլու:
– Չիբուխլո՞ւ: Դա հայո՞ց գյուղ է:
– Հայոց ա, բա՛ ի՞նչ ա:
– Անունը, կարծեմ, հայերեն չէ:
– Հրամանք ես, թուրքերեն ա, ամա մեր վանահայրն ասում ա, շատ առաջ հայերեն ա ըլել: Ճապոտիկ են ասել:
– Վանահայրն ո՞վ է, ձեր գյուղում վա՞նք էլ կա:
– Չէ, Սևանա վանահայրն եմ ասում:
– Սևանը, ուրեմն, մո՞տ է ձեզ:
– Մոտ ա, բա՛, հենց մեր առաջին ա:
Այս նորությունը ուրախացրեց Պետրոսին: Որքա՛ն ժամանակ էր, որ նա փափագում էր տեսնել Գեղամա ծովակը, որքա՛ն լավ բաներ էր լսել նրա մասին, որքա՛ն բաներ կարդացել: Այժմ, ահա, նա կհասներ փափագին:
– Ձեր գյուղում, ուրեմն, ուսումնարա՞ն էլ ունիք, – շարունակեց նա յուր հարցերը:
– Ուսումնարան ո՞րդիան ա. մի տասը-քսան րեխա ես եմ հվաքել մեր տունը, կարդացնում եմ… քե դրուստն ասեմ, ես էլ ըսկի օրինավոր վարժապետ չեմ: Եղցումը,որ էրեցին օգնում եմ, տիրացութին անում, էն ա գեղականն անունս վարժապետ ա դրել:
Ուրեմն Պետրոսի ուղեկիցը տիրացու էր և ոչ վարժապետ: Սրանով էլ պարզվում էր երիտասարդի համար այն հանելուկը, որ վարժապետ կոչվածը գյուղական բարբառով էր խոսում:
Այս նորությունը թեպետ որոշ չափով ձգեց ուղեկցի վարկը Կամսարյանի աչքում, այսուամենայնիվ, վերջինս դարձյալ հետաքրքրվեց նրանով:
– Ո՞րտեղ ես ուսում առել, – հարցրեց նա:
– Հրես, առաջներիս գեղ կա, Քարվանսարա են ասում, ընդեղ եմ կարդացել: Ես ինքս էլ Ղազախի գեղերիցն եմ. միայն Չբխլուի Էրեցը մեր ազգականն էր, զոռեց,տարավ իրա կուշտը (մոտը), ասեց` ըստի տիրացութին պտես անիլ, ժամանակով էլ քահանա կշինեմ քե:
– Լա՞վ գյուղ է Չիբուխլուն:
– Հլե մեզ հմար լավ ա, ուրիշի հմար ի՞նչ գիդամ:
– Ո՞րքան