Լևոն Ոսկանի Ադյան

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)


Скачать книгу

կամքով ու չափից դուրս անսասան բնավորությամբ£ Ով գիտի, երևի նրա կյանքը լավ է դասավորվել, այլապես գոնե մի անգամ գյուղ կգար. արդեն մի քանի տարի է հարազատ գյուղում չի եղել£ Ծնողներին Կարենը, ամենայն հավանականությամբ, նամակ-բան գրում է£ Մի ժամանակ, դա շատ վաղուց էր, Անահիտը ցանկացավ ծնողներից վերցնել Կարենի հասցեն£ Ինքն այդ օրը չէր աշխատում, և հարևաններից ով էր՝ հիմա չի հիշում, ասաց, որ Կարենի հայրն իրեն վատ է զգում, գիշերը սրտի նոպա է ունեցել, շրջկենտրոնից շտապ օգնություն են կանչել£ Վոլոկորդին և վալիդոլ վերցրեց, վազեց նրանց տուն£ Մտածում էր միաժամանակ վերցնել Կարենի հասցեն£ Սակայն Կարենի մայրը բավականին կոպտաբար դիմավորեց նրան£ Դու ոչ միայն Կարենի, այլև մեր կյանքն էլ ես փչացրել, ասաց նա այն ժամանակ, որովհետև, եթե դու չլինեիր, մեր տղան հիմա ապրելիս կլիներ մեզ հետ և էսօրվա օրը նրա ծերացած ծնողները ստիպված չէին լինի վիզ ծռել ուրիշների առաջ, էն մարդուն դու ես հիվանդացրել, քո պատճառով էր ամեն ինչ, և չփորձես երևալ նրա աչքին£ Անահիտը կանգնել էր բակում՝ ամոթահար, շվար, չգիտեր ինչ անել£ Հազիվ զսպելով իրեն, որ չփղձկա վիրավորանքից, նա շուռ եկավ և մոլոր քայլերով գնաց տուն£ Տանը ոչ ոք չկար£ Հուզմունքից դողում էին Անահիտի շուրթերը, բայց նա չէր լալիս, իսկ սիրտը գնալով նվաղում էր£ Մոտենալով սեղանին, նա դողացող մատներով միացրեց պատերազմական ժամանակներից մնացած հին պատեֆոնը, և պատեֆոնը տխրաձայն երգեց.

      Հրաժեշտի համար շալը եզրավոր

      Կապիր, օ, կապիր ինձ տուր,

      Այդ հանգույցի պես մի օր բախտավոր

      Մենք կապված էինք ամուր£

      Այլևս անուժ զսպելու իրեն, երեսնիվայր ընկավ մահճակալին և երկար ժամանակ լալիս էր£ Ինքն ինչո՞վ է մեղավոր, որ նրանք մենակ են, որ ծանր է նրանց համար՝ մեն-մենակ չորս պատի արանքում£ Ի՞նչ մեղք ունի ինքը դրանում, և մի՞թե իր՝ Անահիտի համար հեշտ է£ Անահիտն ինքը քիչ պատճառներ չունի մեղադրելու իրենց՝ Կարենի ծնողներին, հենց այն բանում, որ նրանք խորտակել են իր կյանքը£ Բայց ինչո՞ւ փորփրել հին վերքերը£ Մի՞թե դա որևէ բան կարող է տալ£ Եվ մի՞թե բանն այն է, որ հին են վերքերը, վերքերը թարմ են միշտ, մինչև մահ-գերեզման այդպես էլ կմնան թարմ ու կճզմեն, կցավացնեն Անահիտի սիրտը, և նա չի կարողանա այդ մասին պատմել որևէ մեկին, որովհետև, երբ խորն է վիշտը, պատմել չի լինում£ Մղկտում, վառվում է սիրտդ, ինչպես դեզն է ներսից այրվում՝ լուռ, անմռունչ, և միայն ծուխն է բարձրանում ինչպես հառաչանք£ Երբեմն Անահիտին թվում է` չի դիմանա այլևս, թվում է` ցավից կգոռա® Բայց միշտ չէ, որ անում ես այն, ինչ պետք է, երբեմն ստիպված ես ծիծաղել՝ փոխանակ լալու£ Եվ այնքան էլ հեշտ չէ գոռալ ցավից, երբ կողքիդ են որդիդ ու քեզ սիրող բարի ամուսինդ£ Ամուսինը գիտի, որ Անահիտը չի սիրում իրեն, այդ մտքից նա հաճախ բռնվում է անզուսպ կատաղությամբ, խմում, հարբում է խելագարության աստիճան (թեպետ ոգելից խմիչքներ տանել չի կարողանում) և անխնա ծեծում է Անահիտին, և ասում, որ նա խորտակել է իր կյանքը£ Իսկ առավոտյան, ուշքի գալով, արցունքն աչքերին սկսում է ներողություն խնդրել£ Եվ Անահիտը ներում է նրան, և ներում է ոչ միայն նրա համար, որ հասկանում է ամուսնուն (այն բանից, որ ինքը հասկանում է ամուսնուն, իրեն թեթևություն չի գալիս), ամենից շատ նա ամուսնուն ներում է, որովհետև իրեն ոչինչ չի մնում անելու, քան ներել նրան, այլապես մշտական տառապանք կդառնա