է, հաջորդ տարվանից, Արատտայի նոր օրենքի համաձայն դուք պարտավոր կլինեք նաև ճոխության հարկադրային տուրք մուծել ձեր քաղաքի կենտրոնում գտնվող տան համար…
Պրոֆեսորի գիտակցությունը մթագնվեց, նա մի պահ տեսիլ տեսավ, սարերում ոչխարի հոտ էր պահում, բոլոր ոչխարներն էլ ակնոցավոր էին և Թոթոսյանի նման, իրեն էին նայում գայլի հայացքով ու լպիրշ ժպտում, ուր որ է կհոշոտեին իրեն:
– Վատ ե՞ք զգում ձեզ,– հարցրեց մյուս ոստիկանը,– գուցե շտապ օգնություն կանչեմ,– ու ձեռքը մեկնեց մոբիլ ռադիոկայանին:
– Ոչ, պետք չէ,– ասաց,– տուգանքների կտրոնները տվեք ու մի 200 000 դրախմի կտրոն էլ ավել:
– Դա ինչի՞ համար,– զարմացավ ավագ լեյտենանտը:
– Ես Թավշիկյանի ու Թոթոսյանի…,–ու հայհոյանք տվեց պրոֆեսորը իր կյանքում առաջին անգամ, բայց այնքա՜ն գեղարվեստական, այնքա՜ն տպավորիչ, հմայիչ ու երկար, այնպիսի մի հայհոյանք, որ ասես մի հրաշալի բանաստեղծություն էր արտասանում:
Ոստիկանների պարետային խումբը, բերանները բաց ու մեծ հիացմունքով, աչքաբաց ուսանողների պես պրոֆեսորին էին լսում: Եվ երբ նա ավարտեց իր էքսպրոմտ բանահյուսությունը, դիմեց ավագ լեյտենանտին.
– Այ սրա համար: Ու՞ր է վերջին 200 000 դրախմանոց տուգանքի կտրոնը, դա էլ տուր:
Ավագ լեյտենանտը ձգվեց, զգաստ պատիվ տվեց գիտնականին.
– Ներեցեք, պարոն պրոֆեսսոր Ալիմյան, Արատտայում նման տուգանքի օրենք չկա, դա դեռ ձրի է…
Մի պահ պրոֆեսորը հայացքը սևեռեց քաղաքացիական հագուստով երիտասարդի դիմակին.
– Երիտասարդ, իսկ որտեղի՞ց է ձեր այդ դիմակը:
– Դեղատնից եմ գնել, 500 դրախմով:
– Իսկ գիտե՞ք ինչ է գրված ձեր դիմակի վրա չինմաչինի լեզվով:
– Իսկ դա միթե՞ կարևոր է:
– Այո՛: Ձեր դիմակի վրա գրած է. «Սա հումանիտար օգնություն է, վաճառքը խստիվ արգելված է»…
Երբ փոքրիկ պարետային խումբը դուրս եկավ բակից, ավագ լեյտենանտը շշուկով ասաց Ալիմյանին.
– Հարգարժան պրոֆեսոր, դուք ձեր հայհոյանքների տաղանդով անգամ Էրեբանում կորող եք մեծ գումարներ վաստակել և կարիք չի լինի տունը վաճառելու և ոչխարաբուծությամբ զբաղվելու, Արատտացիները կարոտ են ձեր զիլ խոսքին, ազնիվ խոսք եմ ասում: Իսկ կտրոնները կարող եք դեն նետել և ոչինչ չմուծել, «ձախ» կտրոններ են, մեր պետն էր տվել, գումարներ վաստակելու համար, կասեմ կորցրել եմ։ Իրենց մոտ այլ կերպ չէի կարող… Այսօր բժիշկների օրն է, ձեր տոնը շնորհավոր և կներեք անհանգստության համար։
– Իսկ դուք, ավագ լեյտենանտ, եթե քննեք, թե ովքեր են այդ դիմակները դեղատներին հանձնում, շտապ ու արտահերթ մայորի կոչում կստանաք… կամ էլ ինձ պես, գրողը տանի, անգործ կնստեք տանը…
Երբ ոստիկանները գնացին, պրոֆեսսոր Ալիմյան իր, վաղուց սառած սուրճն էր խմում ու երազում մի այնպիսի հեռավոր մոլորակի մասին, որը լիներ Գլորյայի պես սիրուն, երկնագույն ու կանաչ, որ այնտեղ էլ լիներ Արատտայի պես հրաշալի ու արևոտ մի երկիր, Էրեբանի պես չքնաղ մի քաղաք, բայց միայն իշխանությունն ու քաղաքացիները լինեին ուրիշ. առանց սևերի ու սպիտակների, առանց ծիածանագույների, առանց դժգոհների ու չտեսների, ագահների ու քծիբների, ավելի բարի, ազնիվ, հոգատար ու երջանիկ մարդիկ:
20.06.2020 թ.
Նմանակը
Մի փոքրիկ գաղութային երկրում շատ ատելի ու զզվելի իշխանավոր էր տիրում, որը վատնել էր իր ողջ երկրի գանձերն ու տարացքները, իսկ քաղաքացիներին